Աշխատուժի մասնակցության խթանումը կարող է հանգեցնել ՀԱԱ-ի ավելի քան 55% աճի

Հայաստանում տարիներ շարունակ տնտեսության ակտիվության ցածր տեմպերի և գործազրկության բարձր մակարդակի հետևանքով աշխատանքային ռեսուրսների զգալի մասը դուրս է եկել աշխատուժի առաջարկից։ Անկախացումից ի վեր երկրի մշտական բնակչության թիվը կայուն անկում է ապրում, ինչը մասնավորապես սուր է արտահայտվում աշխատանքային տարիքի բնակչության վրա։ Բնակչության այդ հատվածի կրճատումը և սրան զուգահեռ աշխատանքային տարիքից բարձր տարիք ունեցող բնակչության կշռի ավելացումը տնտեսությունը կանգնեցնում են լուրջ վտանգների առաջ։ Նախ, ավելանում է զբաղվածների վրա ընկած ծանրաբեռնվածությունը հարկերի տեսքով, երկրորդ, փոխվում է սերունդների համերաշխության սկզբունքով գործող սոցիալական քաղաքականությունը, ինչի մասին է վկայում 2014թ-ին ընդունած կենսաթոշակային բարեփոխումը, երրորդ, ընկնում է տնտեսական ակտիվության մակարդակը, ինչն ավելի է փոքրացնում տնտեսությունը և այնտեղ ստեղծվող հավելյալ արժեքը։

Բնակչության թվի անկումը միաժամանակ պայմանավորված է և՛ մեծ թվերի հասնող արտագաղթով՝ 2011-2017թթ-ի ընթացքում Հայաստանից անվերադարձ մեկնել է մոտ 160 հազար մարդ, և՛ ծնելիության ցուցանիշի շեշտակի անկմամբ՝ եթե մինչև անկախությունը, ասենք 1990թ-ին ծնելիության գործակիցը 1 կնոջ հաշվով 2.54 էր, ապա 2017թ-ին այն նվազել է մինչև 1.57, սրան զուգահեռ բարձրացել է նաև մայրանալու տարիքը՝ հասնելով 27 տարեկանի։

Տնտեսության համար վտանգավոր է ոչ միայն բնակչության նվազումը, այլև այդ բնակչությունում աշխատունակ տարիքում գտնվող որևէ մասի ինչ-ինչ պատճառներով հավելյալ արժեքի ստեղծման գործընթացին չմասնակցելը։ Ընդ որում, հավելյալ արժեքի ստեղծման գործընթացից կարող են դուրս մնալ թե՛ տնտեսապես ակտիվ բնակչությունից (գործազուրկներ), թե՛ տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունից (հուսազուրկներ), թե՛ այս երկու խմբին չպատկանող բնակչությունից (արտագնա աշխատանքի մեկնող միգրանտներ)։

Քանի որ վերջին տարիներին գրանցած տնտեսական աճը եղել է մեծամասամբ արտադրողականության աճով պայմանավորված, այդ աճը չի անդրադարձել գործազրկության կրճատման վրա։ Այսինքն, տնտեսության աճին զուգահեռ աշխատատեղերի էական ավելացում չի գրանցվել։ Այս երևույթի բացասական կողմերից է նաև արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների ավելացող թիվը։ Միայն արտադրողականության աճի վրա հիմնված տնտեսական աճը ավելացրել է նաև տնտեսապես ոչ ակտիվ բնակչության կշիռը, որտեղ բավականին մեծ մաս են կազմում հուսազուրկները և տնային տնտեսություն վարողները։ Եթե վերջիններս այդքան էլ առաձգական չեն նոր աշխատատեղերի նկատմամբ, ապա հուսազուրկները բավականին արագ կարող են տնտեսապես ակտիվանալ, քանի որ սրանք այն մարդիկ են, ովքեր, երկար ժամանակ մնալով գործազուրկի կարգավիճակում, աշխատանք գտնելու հույսը կորցրել են և դարձել տնտեսապես ոչ ակտիվ։

 


2017թ-ին աշխատանքային տարիքի բնակչությունից 562 հազար հոգի կարող էր մասնակցել երկրում ավելացված արժեքի ստեղծմանը, սակայն, աշխատանք չգտնելով, դուրս է մնացել այդ գործընթացից։


Այսպիսով, աշխատանքային տարիքի բնակչությունում կա երեք խումբ, ովքեր ունեն տնտեսապես ակտիվ գործունեություն ծավալելու բոլոր հնարավորությունները և նախադրյալները, սակայն դուրս են մնացել այդ գործընթացից։ Նրանք են արտագնա աշխատանքի մեկնողները, գործազուրկները և հուսազուրկները։

Չօգտագործված ներուժի բաշխում, 2015-2017թթ.

Ըստ պաշտոնական տվյալների՝ յուրաքանչյուր տարի Հայաստանից 220-250 հազար մարդ է մեկնում արտագնա աշխատանքի, մասնավորապես 2017թ-ին մեկնողների թիվը կազմել է 232 հազար հոգի։ Նույն թվականին գործազուրկների թիվը կազմել է 219 հազար։ Հուսազուրկների թիվը 2017թ-ին հաշվարկվել է 111 հազար։ Միասին վերցրած 2017թ-ին Հայաստանում չօգտագործած ներուժային աշխատանքային ռեսուրսը կազմել է ավելի քան 560 հազար, ինչը նույն տարում զբաղվածների 55%-ից ավելին է։

Չօգտագործված ներուժի համեմատական, 1000 մարդ

Չօգտագործված ներուժի բացասական հետևանքներն առավել խորը հասկանալու համար հաշվարկենք, թե որքան կլիներ 2015-2017թթ-ին ՀՀ Համախառն ավելացված արժեքի (ՀԱԱ) ծավալը, եթե չօգտագործված ներուժը մասնակցեր երկրում հավելյալ արժեքի ստեղծման գործընթացին։ Այսպիսով, ենթադրելով, որ 2015-2017թթ-ին տնտեսության կառուցվածքը և յուրաքանչյուր աշխատողի տարեկան միջին արտադրողականությունը կմնան անփոփոխ, հաշվարկենք հավանական համախառն ավելացված արժեքի ծավալը նոր զբաղվածության պայմաններում։

Համախառն ավելացված արժեքների համեմատական, մլրդ դրամ

Այսպիսով, համեմատելով առկա և հավանական ՀԱԱ-ները՝ ակնհայտ է դառնում, որ նախորդ 3 տարիների ընթացքում տնտեսությունում միջինում 55%-ով պակաս արդյունք է ստեղծվել։ Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել, որ նշված ժամանակահատվածում Հայաստանի Համախառն ավելացված արժեքի ցուցանիշը առնվազն 55%-ով ետ է մնացել իր այն պոտենցիալ մակարդակից, որը հասանելի կլիներ աշխատանքային ռեսուրսների ամողջական օգտագործման պարագայում։

Հեղինակ՝ Սերգեյ Մանուկյան, Վերլուծաբան