Բարձրագույն կրթություն. «ճիշտ» էվոլյուցիոն մոդելի փնտրտուքի մեջ

Ամբողջ աշխարհում աշխատաշուկան խորը փոխակերպում է ապրում:  Ներկայիս այսպես կոչված «Չորրորդ արդյունաբերական հեղափոխության»  դարաշրջանում առկա են տնտեսական զարգացման և հասարակության առաջխաղացման զգալի հնարավորություններ, ի լրումն մի շարք մարտահրավերների, որոնք ի հայտ գալով վտանգել են միլիոնավոր մարդկանց աշխատատեղերի ապագան և բարեկեցությունը։ Որպես հետևանք, կանխատեսվում է, որ ներկայումս դպրոցում սովորող 3-ից 2-ն ապագայում կաշխատեն ամբողջապես նոր մասնագիտացումներով, որոնք այսօր դեռ  գոյություն չունեն:

Ընդհանուր արդյունքը կախված է լինելու շուկայի մասնակիցների ունակությունից, թե որքան արդյունավետ կերպով կկարողանան ընթանալ զարգացող միտումներին համահունչ, իրականացնել անհրաժեշտ կրթական բարեփոխումներ և վերափոխել բիզնես գործընթացները: Այս համատեքստում՝ աշխարհում համալսարանները մեծ ջանքեր են գործադրում բացահայտելու առաջիկա զարգացումների հնարավոր ուղիները և ակնկալվող ազդեցությունների շրջանակն ու ծավալը։

Թեև բարձրագույն կրթությունն աստիճանաբար ավելի և ավելի համահունչ է շարժվում տնտեսական աճի ուղղվածությունների հետ, ապագա հետագիծը դեռ անորոշ է։ Համաշխարհային տնտեսության մեջ կրթությունը շարունակում է մնալ որպես ամենամեծ իներցիայով ոլորտներից, չնայած վերջին տասնամյակներում աշխարհում տեղի ունեցած արագ տեխնոլոգիական զարգացումներին և տնտեսական աճին:

Այսպիսով, ի՞նչ է տեղի ունենում ներկայիս համաշխարհային կրթական ոլորտում։

Ընդհանուր առմամբ, տեխնոլոգիական առաջընթացն ու միջազգայնացումը փոփոխել են կրթության մատուցման ձևաչափերն ու հասանելիությունը՝ վեր հանելով արտաքին մարտահրավերներ ու հնարավորություններ:

Ակնկալվում է, որ բարձրագույն կրթության առաքելությունը վերափոխվելու է վերոնշյալ փոփոխություններին համահունչ․ համալսարաններն ավելի ու ավելի են ձգտում  պատրաստել հասարակության լայն շահերին ծառայող լիիրավ քաղաքացիներ։ Այս համատեքստում՝ ուսումնառությունը դառնում է ավելի բազմադիսցիպլինար` համախմբելով ուսումնառության հարակից ոլորտները։ Աճում է նախագծային ուսումնառության շուրջ կոնտեքստուալիզացիան։ Սա բերում է մոդուլային ուսումնական ծրագրերի` մոդուլների հորիզոնական և ուղղահայաց ինտեգրման ընդլայնման, ինչպես նաև ծրագրերի կանոնավոր բաժանման և վերաբաշխման: Գիտահետազոտությունը ևս ունի նմանատիպ զարգացումներ՝ շեշտադրելով միջառարկայական միտումները։

Ուսումնառությունը դառնում է ավելի ուսանողակենտրոն՝ ներդնելով անհատական առանձնահատկություններ, ինչպես նաև մեծանում է ուսումնառության կազմակերպման ճկունությունը։

Առցանց ուսուցմանը, համալսարանում կանոնավոր ուսումնառությունից դուրս փորձառությանը և այլընտրանքային հավաստագրմանն ավելանում են ցկյանս ուսումնառության հնարավորությունները։

Զարգացող տնտեսություններում, ինչպես երկրում սովորող, այնպես էլ արտերկիր մեկնող ուսանողների աճող թվի վրա ազդում է երիտասարդների աճող ժողովրդագրությունը և բարելավվող կենսամակարդակը։ Զարգացած երկրներում աճում է համալսարան ընդունվող տարեց մարդկանց թիվը։

Կրթության միջազգայնացումը  աճում է․ ընդլայնվում է ուսանողների բազմազանությունը և ֆինանսավորման աղբյուրները, մասնավորապես՝ զարգացող երկրներից ուսանողների համատեքստում։ Բարձրագույն կրթության արտահանումը դիրքավորվում է որպես գիտության և նորարարության հարթակ, ինչը ՀՆԱ-ի աճի մեծ ներուժ ունի։

Կրթության միջազգայնացումը նաև  սրել է  մրցակցությունը միջազգային ուսանողներ ներգրավող երկրների միջև, ինչպես նաև համալսարանների միջև՝ ապահովելու  համապատասխանություն, հեղինակություն և ներգրավելու ֆինանսավորում։ Համալսարանների միջև ինտենսիվ մրցակցությունը պահանջում է ուսանողակենտրոն ավելի հարուստ  փորձառության ապահովում:

Ուսումնառության և գիտահետազոտությունների միջազգայնացումը հետզհետե ավելի է մեծանում։ Հանրային և մասնավոր աճող ֆինանսավորումը պահանջում է, որ համալսարանները գործեն ավելի հաշվետու  եղանակով։

Իսկ ի՞նչ կա Հայաստանի համար։ Բարձրագույն կրթության առաջիկա հնարավորությունները։

Բարձրագույն կրթության միջազգային ոլորտում առկա են մի շարք առանձնահատկություններ, սակայն նաև նկատվում են որոշակի ընդհանուր միտումներ։ Հայաստանը պետք է ուշադիր հետևի միջազգային միտումներին՝ օգուտ քաղելու հնարավոր զարգացումներից և դիրքավորելու իրեն համաշխարհային կրթական քարտեզի վրա։

Ներկայումս, երբ երկրներն ու հասարակություններն արմատական սոցիալ-տնտեսական վերափոխումներ են ապրում, Հայաստանի համալսարաններն աննախադեպ հնարավորություն ունեն անցնելու զարգացման հաջորդ փուլ և Հայաստանի համար ստեղծել բարձրարժեք մարդկային կապիտալ։

Կարևոր է, որ Հայաստանի այս ընտրությունը համահունչ լինի երկրի մակարդակով զարգացման ռազմավարությանն ու տնտեսական աճին։ Կառավարությունը պետք է բարձրագույն կրթությունը դիրքավորի որպես միջազգայնորեն մրցունակ քլասթերներ ստեղծող/զարգացնող լծակ, ինչպես նաև  ազգային առաջընթացի և տնտեսական աճի կարևոր խթան:

Այնուամենայնիվ, պետական աղբյուրներից ֆինանսավորվող համալսարանները պետք է հիմնականում մնան ինքնավար՝ հաշվի առնելով սակայն պետական առաջնահերթությունները։ Մի քանի «խելացի» համալսարաններ կարող են նախաձեռնողական քայլեր ձեռնարկել՝ կրթելու և ձևավորելու պահանջարկ տեղական աշխատաշուկայում։

Բարձրագույն կրթությունը պետք է հնարավորինս կապված լինի արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների հետ։ Համալսարանները պետք է ավելի ու ավելի դիրքավորեն արդյունաբերության հետ համագործակցությունը որպես լուրջ հնարավորություն հետազոտական կարողությունների և եկամուտների ընդլայնման համար։

Սա պետք է դիտարկել աճող գլոբալիզացիայի համատեքստում, երբ բիզնեսը ապագա աշխատուժի գիտելիքների և հմտությունների առումով բարձրագույն կրթության նոր պահանջարկ է ձևավորում: Ռազմավարական համագործակցությունները պետք է ձևավորվեն տնտեսության կարիքներից բխող հետազոտությունների օրակարգի շուրջ՝ նպաստելով համալսարանի միջավայրում ձեռնարկատիրական ոգու զարգացմանը:

Ընդհանուր առմամբ, առցանց կրթության արագ տարածումը, կրթական համայնքի և արդյունաբերության լայնածավալ համագործակցությունը կբերի բարձրագույն կրթության սահմանների տարրալուծմանը։ Սա փոխում է կենտրոնացվածությունը հաստատություններից դեպի կրթական էկոհամակարգ և ինտեգրված ուսումնառություն։ Այս համատեքստում ռեսուրսները, հարաբերություններն ու դերակատարումները պետք է վերանայվեն։

Ակնկալվում է, որ ԳՏՃՄ  (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտները կլինեն նորարարության հիմնական շարժիչ ուժը, որը կնպաստի տնտեսական աճին և միջազգային մրցունակությանը։

Այսպիսով, ակնկալվում է, որ ԳՏՃՄ ուսանողները պետք է լավ տիրապետեն օտար լեզուների և «փափուկ» հմտությունների (որոնք նախկինում ասոցացվում էին հումանիտար և սոցիալական գիտությունների հետ), ինչպես նաև պետք է տիրապետեն միջառարկայական գիտելիքների՝ ընդլայնելու իրենց մտավոր հորիզոնը։ Սա ավելի լայն կարողություններ ունեցող շրջանավարտների պատրաստման համատեքստում է, ովքեր պետք է  գերազանց կերպով հանդես գան ժամանակակից համաշխարհային տնտեսությունում և ուսումնառության վրա հիմնված հասարակությունում։

Համալսարանների ֆինանսավորումը կարիք ունի լայն դիվերսիֆիկացման՝ եկամտի բազմազան աղբյուրներ, պետական ֆինանսավորման մասնաբաժնի նվազում, գիտահետազոտությունից ստացված եկամտի աճ և նպատակային դրամագլուխ (endowment) ֆինանսավորման ներդնում:

Ընդհանուր առմամբ, ինչպես աշխարհում, բարձրագույն կրթության ոլորտում ոչ հստակ զարգացումների հետագիծը պահանջում է, որ հայկական  համալսարանները շարունակաբար հետամուտ լինեն  ռազմավարական կայուն զարգացման «ճիշտ» ճանապարհային քարտեզի նույնականացմանը և կիրառմանը։

Եվ վերջում, երիտասարդները՝ բարձրագույն կրթության և համընդհանուր առաջընթացի շարժիչ ուժերը, պետք է կիրառեն «սկսիր քեզանի՛ց» մտածելակերպը։ Մինչ ոլորտի մասնակիցները կարող են ազդել/ուղղորդել կրթական գործընթացը, անհատը պետք է պատասխանատվություն կրի որդեգրելու շարունակական ուսումնառության ռեժիմ՝ հետզհետե ավելի անորոշ և բարդացող աշխարհում:

Հեղինակ՝ Հովհաննես Աթաբեկյան, մենեջեր։