Տնտեսության աճի դանդաղեցման պայմաններում ավելի է մեծանում արդյունավետ կառավարման գործիքների դերը

Աճող տնտեսության պայմաններում դյուրին է կառուցել հաջողակ բիզնես ընկերություն։ Սակայն թե ինչքանով է մրցունակ այդ ընկերությունն իրապես երևում է միայն տնտեսական անկման ու դժվարությունների փուլում։

Տնտեսական աճի տեմպերի դանդաղեցման պայմաններում ընկերությունների համար շահութաբեր աճ ու զարգացում ապահովելն առավել բարդ է։ Արդյունավետ կառավարումն անմիջականորեն նպաստում է ընկերության գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Օրինակ, մեր աշխատանքի վերջին տարիների ընթացքում վկա ենք եղել դեպքերի, երբ նվազող վաճառքի բացասական հետևանքները չեզոքացվել են արդյունավետ կառավարման գործիքների կիրառման արդյունքում շահույթի մարժայի աճի շնորհիվ։

Գոյություն ունեն կառավարման բազմաթիվ գործիքներ, որոնց կիրառումն էապես կարող է բարելավել ընկերության ներքին արդյունավետությունը, այնուհանդերձ դրանց մասին տեղեկացվածությունն ու կիրառումը սահմանափակ է փոքր և միջին չափերի ընկերություններում։

Թվարկենք որոշ գործիքներ, որոնք կարծում ենք գնալով ավելի արդիական են դառնում փոքր և միջին չափերի ընկերությունների համար՝

  • Արդյունավետության գնահատման համակարգեր կամ առանցքային ցուցանիշների համակարգեր (KPI systems)
    Գործունեության արդյունավետությունը մոնիտորինգ անելու համակարգ, որ չի սահմանափակվում բացառապես ֆինանսական/հաշվապահական ցուցանիշների կաղապարով։ Հնարավորություն է տալիս ղեկավարներին պլանավորել ըստ ամենաէական գործունեության ցուցանիշների և հետագայում գնահատել ըստ օբյեկտիվ ցուցանիշների ու իրագործել համապատասխան միջոցառումներ։
  • Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգեր (CRM)
    Ճգնաժամի իրականությունում վաճառքներն ավելի բարդ են ու հաճախորդներն՝ էլ ավելի պահանջկոտ։ Ավելի լուրջ ջանք է անհրաժեշտ նման պայմաններում վաճառքների կազմակերպման համար։ Նվազող պահանջարկի պայմաններում հաճախ ենք նկատել դեպքեր, երբ ներդնելով լավ մտածված CRM գործընթաց, ընկերությունը կարողացել է որոշ առումով նվազեցնել վաճառքների անկումը։ CRM-ը հնարավորություն է տալիս լավագույնս գնահատել առկա հաճախորդների հետ հարաբերությունների բարելավումից վաճառքների ավելացման բոլոր հնարավոր ուղիները։Ներկայումս CRM ասելով առաջինը հասկացվում են համապատասխան ինֆորմացիոն համակարգերը, սակայն մինչ դրա ներդրումը ընկերություններին հարկավոր է առաջին հերթին ներդնել կայուն բիզնես պրոցես, որն իրենից ներկայացնում է հաճախորդների հետ ցանկացած հարաբերության համակարգված բնույթ։
  • Ծախսերի կրճատման ծրագրեր
    Ծախսերի կրճատումը առաջին և ամենատարածված արձագանքն է վատթարացող պայմաններին։ Սակայն առանց հստակ ու կանոնավոր մոտեցման, այդ ծրագրերն ավելի մեծ վնաս կարող են հասցնել, քան օգուտ։ Հարկավոր է յուրաքանչյուր ծախսային հոդվածի կրճատման ազդեցությունը գնահատել առանձին և որպես ընդհանուրի մաս։ Բացի այդ, ծախսերի կրճատման ծրագիրը ցանկացած ծրագրի պես պետք է ունենա ժամկետներ, պատասխանատուներ և իրականացման խիստ ու հստակ գրաֆիկ։ Այլապես, մեծ դժվարությամբ նվազեցվող ծախսերը չափազանց դյուրինությամբ հետ են վերադառնում նախկին ու ավելի բարձր մակարդակներ զարմանալիորեն կարճ ժամանակահատվածում։
  • Տվյալների վերլուծական
    Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս հավաքել ահռելի մեծ քանակությամբ տեղեկատվություն (Big Data)։ Վերջերս, մեծ արագությամբ զարգանում են այդ տվյալների վերլուծության հիման վրա օպտիմալ որոշումների կայացման գործիքները։ Վերլուծական այս գործիքները կիրառվում են մասնավորապես խաչաձև վաճառքների խթանման (որոշակի ապրանքատեսակ գնող հաճախորդների առաջարկվում է այնպիսի ապրանքատեսակներ, որի պարագայում բարձրանում է դրա գնման հավանականությունը), օպտիմալ գնագոյացման, պահանջարկի կանխատեսման և այլ ոլորտներում։
  • Մոտիվացիոն գործիքներ
    Ընկերության հիմնական արժեք ստեղծողը մարդիկ են։ Ճգնաժամային պայմաններում ներդաշնակ և նվիրված աշխատանքի կարիքը առավել սուր է զգացվում: Սակայն հաճախ հենց այդ պայմաններում ղեկավարները թերագնահատում են այդ գործոնի կարևորությունը: Մոտիվացիոն գործիքների շարքին են դասվում աշխատակիցների ներգրավվածության չափման և դրանց բարձրացմանն ուղղված գործիքները, աշխատակիցների վարձատրության տարբեր մեխանիզմների միջոցով նրանց շահերը ընկերության շահերի հետ ներդաշնակեցնելու գործիքները, աշխատակիցների գնահատման և մշտական զարգացման մեխանիզմները և այլն։
  • Կառավարման համակարգերի ախտորոշում (դիագնոստիկա)
    Թե որտեղից սկսել, ինչն ավելի կարևորել` կախված է կառավարման ոլորտում խնդիրների ճիշտ ձևակերպումից։ Մարդու առողջության պարբերական ախտորոշման պես կառավարման համակարգերի պարբերական ախտորոշումն ուղղակի անհրաժեշտություն է մշտապես զարգացման ուղին բռնած ընկերությունների համար։ Այս գործիքի միջոցով կարելի է պարզել, թե որտեղ են ընկերության այսօրվա հիմնական խնդիրները, ինչպես կարելի է ձևավորել զարգացման օրակարգը, և ի վերջո, գոյություն ունեցող բազում կառավարման գործիքներից, որն է այդ պահին արդիականն ու կարևորը ընկերության համար։

Կառավարման գործիքները բազմաթիվ են։ Այստեղ բերել ենք միայն ամենաարդիական մի քանի օրինակները։ Վերջիններիս գրագետ ու համակարգված կիրառման շնորհիվ հնարավոր է անցնել ընկերության զարգացման հաջորդ մակարդակին` թեկուզև տնտեսական անկման դժվարին պայմաններում։

Հեղինակ՝ Սոնա Գրիգորյան, Կրտսեր գործընկեր