Բջջային կապի ոլորտի համաշխարհային միտումները: Որո՞նք են ոլորտի զարգացման խթանիչ ուժերը։

2017 թվականի դրությամբ համաշխարհային բջջային կապի ոլորտում արձանագրվել է 5 միլիարդ բաժանորդագրություն, և այս ցուցանիշը սպասվում է, որ կպահպանի աճի միտումը[1] մինչ 2025 թվականը ։ Ակնկալվում է,  որ առաջիկա ութ տարիների ընթացքում SIM քարտերի բաժանորդագրության ցուցանիշը կհատի 5.9 միլիարդի սահմանագիծը, որը համարժեք է աշխարհի բնակչության 71%-ին։ Այս աճի հիմնական աղբյուրը կլինեն զարգացող երկրները՝ մասնավորապես Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Ինդոնեզիան, Բանգլադեշը, Լատինական Ամերիկան և այլ զարգացող երկրներ:

Այնուամենայնիվ, բջջայինի բաժանորդագրությունների աճի տեմպն էականորեն  նվազում է, քանի որ զարգացած, ինչպես նաև որոշ զարգացող երկրներում, այդ թվում Հայաստանումայն վաղուց հասել է իր վերին սահմանակետին։

Եվրոպական երկրներում հեռահաղորդակցության ոլորտը հագեցած է և գրեթե ամբողջությամբ սպառել է աճի հնարավոր տարբերակները։ Հետագա աճի՝ բաժանորդների բազայի ընդլայնման հնարավորությունները սպառված են։ Բջջային բաժանորդագրությունների տեսանկյունից գերհագեցած երկրներն են Իտալիան, Գերմանիան և Շվեյցարիան, որտեղ բջջային բաժանորդագրությունը բնակչության մեջ 130%-ից էլ բարձր է։

[1] Համաձայն GSMA “The Mobile Economy”, 2018 զեկույցի։

[1] Համաձայն GSMA “The Mobile Economy”, 2018 զեկույցի։

2004 թվականից ի վեր Հայաստանը հեռահաղորդակցության ոլորտում դարձավ Արևմտյան Ասիայի գերարագ զարգացող երկրներից մեկը, երբ ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորը մուտք գործեց շուկա և  վերացրեց բջջային շուկայի մենաշնորհը`  առաջարկելով մատչելի GSM ծառայություններ:

Ավելի ուշ՝ 2009 թվականին, 3-րդ օպերատորն իրականացրեց «Օպտիկա դեպի տուն»  նախագիծը՝ բաժանորդներին տրամադրելով IPTV, ֆիքսված և թվային ձայնային ծառայություններ։ Այսօր Հայաստանում գործում են երեք օպերատորներ (ՎիվաՍել-ՄՏՍ, Վեոն Հայաստան և Յուքոմ ընկերությունները) և 3.5 մլն բջջային բաժանորդագրություններ (132% ներթափանցում)։

Ձայնային և հաղորդագրությունների (SMS) բջջային ավանդական ծառայություններն օպերատորներին ընձեռում են աճի միայն սահմանափակ հնարավորություններ, ինչն էլ ստիպում է նրանց փնտրել աճի հնարավոր նոր աղբյուրներ։

Բջջային ավանդական ծառայությունների բաժանորդագրությունների թիվը վերջին տարիներին սկսել է աճել ավելի դանդաղ տեմպով, և հետևաբար բջջային օպերատորների միջև մրցակցությունը դարձել է է՛լ ավելի լարված։  GSMA վերլուծականի գնահատմամբ 2017-2020թթ․ ընթացքում համաշխարհային բջջային հասույթի տարեկան աճի միջին տեմպը  կկազմի միայն 1% և 2020 թվականին կհասնի մոտ 1․1 տրիլիոն ԱՄՆ դոլարի։

Չինաստանը, հանդիսանալով զարգացող երկիր, հասույթի աճի իրական հնարավորություններ է խոստանում բջջային կապի օպերատորներին: Սակայն ԱՄՆ-ում բջջային ոլորտում մրցակցությունը հասել է աննախադեպ ծավալների․ օպերատորներն առաջարկում են անսահմանափակ սակագնային պլաններ՝ հուսալով վերականգնել ավանդական բջջային ծառայություներից գոյացող հասույթի աճի դրական միտումը։ Եվրոպայում բջջային ոլորտը սկսել է վերականգնվել 2008 թվականից ի վեր  շարունակական անկումից` շնորհիվ օրենսդրական կարգավորումների մեղմացման, ներոլորտային համախմբման, ավելի արագ՝ 4G և 5G տվյալների օգտագործման անցման և եվրոպական երկրներում բարելավված մակրոտնտեսական ցուցանիշների։

Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտը ևս հետևում է վերաձևավորման համաշխարհային միտումներին: Հայաստանում բջջային կապի օպերատորները ներդրումներ են կատարում հարակից ոլորտներում՝ իրենց հասույթի աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով։ Ներդրումներ են կատարվում մասնավորապես բջջային ինտերնետի և բջջային սարքավորումների ու աքսեսուարների վաճառքի ոլորտներում, որոնց տարեկան աճի միջին տեմպը Հայաստանում կազմում է 20% և 46% համապատասխանաբար: Վերոնշյալ ծառայությունների շնորհիվ հայկական բջջային կապի օպերատորները հնարավորություն ունեցան կանգնեցնելու Հայաստանում ոլորտի աճի բացասական միտումը:

 

Համաշխարհային հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ընկերությունները նույնիսկ ավելի կտրուկ քայլեր են ձեռնարկում, որպեսզի այս փոփոխական և մրցակցային միջավայրում բացահայտեն աճի հնարավոր այլ աղբյուրներ։ Այս գործընթացին առավելապես նպաստում են հետևյալ գործոնները․

  • Հեռահաղորդակցության և մեդիա ոլորտի կազմակերպությունների միավորումը (օգտագործելով իրենց հասանելի տվյալերի ահռելի բազան և ձեռք բերելով գովազդային հարթակներ՝ ստեղծում և իրականացնում են գովազդային արշավներ նշված հարթակներում),
  • Իրերի համացանց (IoT), և
  • Զարգացող թվային էկոհամակարգ։

ԱՄՆ-ում AT&T ընկերությունը մեծ տեմպերով ներթափանցում է մեդիա և զվարճանքների ոլորտ: Verizon-ը ձեռք է բերում ընկերություններ հետևյալ ոլորտներում․ թվային լրատվություն և գովազդ (Yahoo և AOL), իրերի համացանց (տելեմատիկա և խելացի քաղաքներ), ներդրումներ է կատարում մանրաթելային համացանցի զարգացման ուղղությամբ՝ 5G ինտերնետի նորամուտին ընդառաջ։

Ֆինթեք միջավայրում Օրանժ բանկը Ֆրանսիայի ողջ տարածքում սկսեց իր գործունեությունը 2017 թվականի նոյեմբերին՝  բջջային հարթակների միջոցով բաժանորդրներին առաջարկելով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ։ Beeline, MTS և Megafon ընկերությունները Ռուսաստանում ևս սկսել են մատուցել բանկային ծառայություններ իրենց մոբայլ հարթակներով։ Հայաստանում ՎիվաՍել-ՄՏՍ բջջային կապի օպերատորը լոկալ ֆինանսական կառույցների հետ համատեղ քաղաքացիներին հնարավորություն է տալիս բջջային և առցանց հարթակներում, ինչպես նաև սպասարկման գրասենյակներում Մոբիդրամի միջոցով կատարել դրամական փոխանցումներ, վճարումներ և գնումներ։ Հայաստանում բջջային կապի մեկ այլ օպերատոր՝ Ucom ընկերությունը գործարկեց Upay վիրտուալ դրամապանակը, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում կատարել առցանց վճարումներ և դրամական փոխանցումներ։

2016 թվականի վերջին Rostelecom ընկերությունն իր ծառայությունների ցանկին ավելացրեց նոր ծառայութուն՝ բջջային կապ, այսպիսով Ռուսաստանում դառնալով երկրի առաջին օպերատորը, որը մատուցում է բջջայն և հեռահաղորդակցության ծառայությունների ամբողջական փաթեթ։

 Կարո՞ղ է արդյոք սմարթֆոնների ներկայիս հսկայական շուկան ստեղծել հավելյալ հնարավորություններ 5G համացանցի նորամուտին ընդառաջ։

GSMA հետազոտական ընկերության կանխատեսմամբ կապի և հաղորդակցության գլոբալ աճի առավել մեծ հնարավորություններ կան բջջային ինտերնետի ոլորտում։ Ակնկալվում է, որ մինչև 2025թ․-ը բջջային ինտերնետի բաժանորդագրությունների թիվը կավելանա ևս 1.75 միլիարդով և կհասնի  5 միլիարդ նշաձողին՝ 2025 թ.-ին կազմելով գլոբալ բնակչության 61%- ը՝ 2017 թ.-ի 43%-ի համեմատ (GSMA):

Բջջային ինտերնետի սպառման խթանիչ գործոններն են սմարթֆոնների հասանելիությունը, որոնք գերարագ ինտերնետից օգտվելու հնարավորություն են տալիս, ինչպես նաև թվային միջավայրից օգտվելու սպառողների հակվածությունը։ Համաձայն Ericsson վերլուծականի համաշխարհային բջջային ինտերնետի սպառումը բոլոր սարքավորումների միջոցով մինչև 2023 թ.-ը կունենա 8-ապատիկ աճ` հասնելով ամսական 110 Էքսաբայթի: 2023թ-ին բջջային սմարթֆոն հեռախոսների միջոցով սպառված ինտերնետը կկազմի ընդհանուրի 95%-ը:

Վիդեո տեխնոլոգիաներն աշխարհում ևս շարունակաբար զարգանում են՝ վիդեո կոնտենտի նկատմամբ առաջացնելով մեծ պահանջարկ: Սրանով իսկ պայմանավորված՝ կանխատեսվում է, որ  մինչև 2025 թ.-ը վիդեո ոլորտը կկազմի համաշխարհային բջջային ինտերնետի ընդհանուր սպառման 75%-ը՝  աճելով 20 տոկոսային կետով՝ 2017թ-ի համեմատությամբ: Վիդեո կոնտենտի սպառման խթանիչ գործոնները զարգացած երկրներում կհանդիսանան  5G ինտերնետի հասանելիությունն ու բջջային հավելվածները, որոնք վիդեո կոնտենտը դարձնում են է՛լ ավելի տպավորիչ, ինչպես օրինակ՝ լրացված (AR) և վիրտուալ (VR) իրականություն:

Ինովացիա և հեռահաղորդակցություն ի՞նչ ընդհանուր լեզվով են նրանք խոսում։

2015 թվականից սկսած մասնավոր ներդրումային ընկերություններն ու վենչուրային հիմնադրամերն ընդհանուր առմամբ ներդրել են 1,2 տրիլիոն ԱՄՆ դոլար՝ ֆինանսավորելու ֆինթեք սթարթափներ և նորաստեղծ ընկերություններ մի շարք ոլորտներում՝ 2017թ․-ին հասնելով բոլոր ժամանակների ռեկորդային ամենաբարձր մակարդակին: Նշված ներդրումային ընկերությունները խթանում են տեխնոլոգիական նորարարությունն ու զարգացումը  այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են իրերի համացանցը, լրացված և վիրտուալ իրականությունն ու ինքնավար մեքենաները։

Բջջային օպերատորները զարգացող և զարգացած երկրներում հետևում են միջազգային միտումներին և իրականացնում են մեծամասշտաբ կորպորատիվ վենչուրային ներդրումներ (CVC) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Սա ընդհանուր առմամբ խթանում է նորարարությունը և բջջային օպերատորներին մղում գործունեության նոր ոլորտներ, ինչպես օրինակ՝ մեդիա, կոնտենտ և ֆինթեք:

Հատկապես ասիական և  աֆրիկյան տարածաշրջաններում բջջային օպերատորների և սթարթափների միջև համագործակցությունն առավել մեծ հաջողությամբ է ծավալվում՝ պայմանավորված այն իրողությամբ, որ բջջային օպերատորներն ունեն լայն հասանելիութուն, որն անհրաժեշտ է սթարթափերին, իսկ վերջիններս  ունեն նորարարական գաղափարներ, որոնք անհրաժեշտ են բջջային օպերատորներին։ Նշված համագործակցության հաջողված օրինակներ են Vodacom, MTN և Orange օպերատորների և Աֆրիկայի սթարթափների համագործակցությունը, ինչպես նաև Telenor-ի և Axiata-ի համագործակցությունն Ասիայում։

Յուքոմ ընկերությունը Հայաստանում ներդրումներ է կատարում տեխնոլոգիական կրթության ոլորտում: Օպերատորը մասնավոր դպրոցներից մեկում ստեղծել է թվային լաբորատորիա, որը նախատեսված է 3-10-րդ դասարանի աշակերտների համար՝ օգնելու նրանց ձեռք բերել գիտելիքներ ծրագրավորման և արհեստական բանականության (AI) ոլորտներում, միավորելու համակարգչային տեխնիկան և արվեստը։

«Արմաթ» ինժեներական լաբարատորիաները Հայաստանում 10-ից 18 տարեկան երեխաների համար նախատեսված մեկ այլ ծրագիր է՝ Յուքոմ և ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորների հետ համատեղ։ Ծրագրի նմատակն է նորարարական ճամբարներում ինտերակտիվ դասընթացների միջոցով ներկայացնել գիտությունը, տեխնոլոգիան, ճարտարագիտությունն ու մաթեմատիկան  (STEM)։ Beeline ընկերությունը Հայաստանում ներդրում է կատարում Սթարթափ ինկուբատորում, որի նպատակն է Հայաստանում ստեղծվող սթարթափ ընկերությունների համար ստեղծել բարենպաստ էկոհամակարգ։

Ինչպիսի՞նն է ապագայի հեռանկարը

Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները փնտրում են համագործակցության հնարավոր ուղիներ, կամ պարզապես ձեռք են բերում մեդիա ոլորտի ընկերություններ՝ հնարավորություն ստանալով  առավելագույնս արդյունավետ օգտագործել իրենց բաժանորդների տվյալների բազան։ Նման համագործակցությունների շնորհիվ նրանք ստանում են մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, և միևնույն ժամանակ կարողանում են իրենց բաժանորդներին մատուցել նրանց պահանջներին համապատասխան ծառայությունների ամբողջական փաթեթ։

Այն ժամանակ, երբ հեռահաղորդակցության ոլորտի համաշխարհային խոշորագույն ընկերությունները լոկալ ընկերություններ են ձեռք բերում և նոր շուկաներ մուտք գործում, լոկալ բջջային օպերատորները խուսափում են նման քայլերից՝ անհրաժեշտ մեծ ներդրումների և նոր շուկա մտնելու խոչընդոտների պատճառով։ Այնուամենայնիվ, հսկայական տվյալների բազա տիրապետող բջջային օպերատորների և տեխնոլոգիապես զինված նորարարական ընկերությունների միջև ռազմավարական համագործակցությունը կարող է օգնել զարգացած և զարգացող երկրներում, այդ թվում նաև Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին՝ բջջային օպերատորներին, օգուտ քաղել տեղեկատվական տեխնոլոգիաներից և առավելագույն արդյունավետությամբ մոնետիզացնել իրենց ակտիվները:

Հաշվի առնելով աշխարհում թվային տեխնոլոգիաների զարգացման ծավալները՝ գործող բջջային օպերատորների գոյատևման և հետագա զարգացման միակ հնարավոր ճանապարհը նոր դիվերսիֆիկացված աճի աղբյուրներ գտնելն է, ինչպիսիք են մեծ տվյալների վերլուծությունը, ամպային տեխնոլոգիաների ինտեգրումը, արհեստական բանականության, ինչպես նաև այլ բեկումնային տեխնոլոգիաների կիրառումը։

Աղբյուրը՝ GSMA report “The Mobile Economy 2018; TechCrunch Brand article on Telecoms in the 4th industrial revolution․

Հեղինակ՝ Նարինե Խաչատրյան, վերլուծաբան