Մոտեցում փոխկապակցված խնդիրներին

 

Հեղինակ` Հովհաննես Աթաբեկյան

Հետադարձ հայացք նետելով վերջին մի քանի տարիների բիզնես խորհրդատուի աշխատանքին, կարող եմ ասել, որ այն աննախադեպ տեմպով բարդանում է: Մի խումբ գործոններից կընտրեմ բիզնեսի խնդիրների աճող փոխկապակցվածությունը:

Մինչ տարբեր ոլորտների հետագա զարգացման վեկտորը դեռևս աղոտ է, բիզնեսներն ավելի և ավելի հաճախ են հայտնվում ճիշտ առաջընթացի ճանապարհի անդադար փնտրտուքի մեջ:

Մյուս կողմից՝ մի խումբ գլոբալ փոխկապակցված միտումների համադրությունը փոխակերպում է  համաշխարհային տնտեսական, տեխնոլոգիական և սոցիալական  պատկերը: Նոր տնտեսական հեղափոխությունը՝ Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն առաջիկա տարիներին աննախադեպ մասշտաբով կդրսևորի իր  ներգործությունը՝ դարձնելով իրերն ավելի խրթին: Արագ զարգացող տեխնոլոգիաների մի կրիտիկական զանգված (արհեստական բանականություն, նանոտեխնոլոգիաներ և ռոբոտիկա, 3D տպագրություն) համաշխարհային մակարդակի վրա իրապես ճեղքումային դեր կխաղա մոտ ապագայում:

Այս համատեքստում բիզնեսի կողմից խորհրդատվական ընկերությանը դիմելը չի նվազեցնում առկա անորոշությունները, այլ ապավինում է վերջինիս  հմուտ մոտեցումներին ՝ որը նաև իր համբավ է ռիսկի տակ դնում:

Որո՞նք են հետևանքները

Այլևս չկան անվերապահ ճշմարտություններ, այլ փորձ է արվում դուրս բերել լավագույն ռացիոնալ ենթադրությունները:

Նոր ի հայտ եկած բազմաշերտ մարտահրավերները շարունակական կերպով բախվում են կազմակերպության հնացած կառուցվածքների հետ:

Փոխկապակցվածությունն ամբողջությամբ վեր հանելը ավելի և ավելի բարդ է դառնում: Լուծման բանալին երևույթներին համակարգային մոտեցման մեջ է:

Ճիշտ ախտորոշումը  կրիտիկական կարևորություն է ձեռք բերում: Լուծելով առանձին խնդիրներ՝ առանց համալիր հասկանալու ամբողջական պատկերը, իրականում կարող է ավելացնել բիզնեսի խնդիրները: Բիզնեսների խնդիրները փոխկապակցված են և այդպիսին են նաև դրանց լուծումները, որոնց կողմնակի ազդեցության չափը և պատասխանատվությունը աճի միտում ունեն։

Հարաբերությունների տեսանկյունից

Փոխկապակցված խնդիրները ենթադրում են մի շարք շահառուներ: Մեր օրերում մեկ ընդհանուր նպատակի շուրջ շահառուների համախմբվածության և կառուցողական երկխոսության ապահովումը առաջնային գործոն է դառնում: Բիզնեսի լուծումները դառնում են ցանցային՝ վերափոխման գործընթացում ընդգրկելով տարբեր գործընկերների խմբերի:

Ընկերությունները զգալի կերպով ներգրավվում են իրենց համակարգերի, գործընթացների և ցանցերի զարգացման մեջ: Բիզնեսները, որոնք այս գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար օպտիմալ կօգտագործեն իրենց ակտիվները և հնարավորությունները, ավելի մեծ հավանականությամբ կհայտնվեն հաղթողների շարքերում: Բիզնեսում կայուն արժեքների ներդնումը, որը դյուրին հաղորդակցելի և փոխանցելի է, առաջխաղացման հավելյալ լծակ կհանդիսանա:

Տեխնոլոգիաների տեսանկյունից

Տեխնոլոգիական սրընթաց զարգացումները կինտենսիվացնեն շուկայի ինտեգրումը՝ ուժգնացնելով տնտեսական, սոցիալական և տեխնոլոգիական համակարգերի մեջ առկա փոխկապակցվածությունը: Շաղկապված զարգացումները աճող տեմպով կտանեն դեպի համագործակցային տնտեսությունների ընդլայնմանը՝ մասշտաբայնացնելով համատեղ սպառման տնտեսության (shared economy) չափը:

Սահմանափակումների տեսանկյունից

Լայն անորոշությունները և բազմաշերտ համակարգերն անհնար է ամբողջությամբ կառավարել: Նմանատիպ համակարգերի հետ արդյունավետ աշխատելու մոտեցումը ի սկզբանե կարծր իրականության մարտահրավերները և սահմանափակումները ճանաչելն է:

Ապագայի մասին

Պետք է գերակայի երկարաժամկետ մտածողությունը, թե ինչպես ստեղծել մնայուն արժեքներ:

Ի՞ նչ կարող ենք բոլորս ակնկալել: Թեև համաշխարհային տնտեսական մակարդակի վրա զգալի ձեռքբերումներ են արձանագրվել, սակայն ամեն օր բախվում ենք նաև հստակ վկայությունների առ այն, որ դեռևս առկա են շոշափելի սոցիալ-տնտեսական անհավասարություններ: Փոխկապակցվածությունների շարունակական ընդլայնումը կդասվի այն հիմնական ուղիների թվում, որոնք ներուժ ունեն տանելու ներառական տնտեսական աճի, թեև պայմանները կոշտ կլինեն նրանց համար, ովքեր կձախողեն համընթաց քայլել այս ամենի հետ:​