Համատեղ սպառման տնտեսության (shared economy) ձևավորումը

Հեղինակ` Վալերիա Արզանգուլյան

Վերջին ժամանակահատվածում տեղի ունեցած Uber և Airbnb ընկերությունների արժեքների գլխապտույտ գնահատումները հետաքրքրության նոր ալիք են բարձրացրել համատեղ սպառման տնտեսության երևույթի նկատմամբ: Համատեղ սպառման սկզբունքների վրա հիմնված ծառայությունների արագընթաց աճը դեռևս պահանջում է մանրակրկիտ բացատրություն:

Այս հեղափոխական մոդելը ներառում է տարբեր մարդկանց և կազմակերպությունների կողմից ապրանքների և ծառայությունների համատեղ կամ միասնական ստեղծումը, արտադրությունը, բաշխումը, առևտուրը և սպառումը: Անձը դառնում է համատեղ սպառման տնտեսության մասնակից այն պահին, երբ նա հայտարարում է իր ունեցվածքի նկատմամբ երրորդ անձանց հասանելիութան մասին՝ որոշակի սկզբունքների և կանոնների ներքո:

Տվյալ մոդելի նշանակալի սոցիալական բաղադրիչը ձևավորում է վերջինիս ընկալումը: Մոդելի շրջանակներում խրախուսվում է առկա ռեսուրների արդյունավետ օգտագործման գաղափարը <Կիսվել նշանակում է հոգ տանել> կարգախոսի ներքո: Գործնականում դա աշխատում է միջնորդային բիզնեսի մոդելի տեսքով: Տվյալ բիզնեսի համար բնորոշ է իր մասնակիցների առաջնային կարիքների բավարարումը՝ մատակարարման թվային ուղիների կիրառմամբ: Օրինակ, Airbnb-ն լուծում է կացարանի խնդիրը ճանապարհորդների համար, Uber-ը պարզեցնում է տաքսու որոնումը, Task Rabbit-ը թույլ է տալիս գտնել հետ կապված աշխատանքների մատակարարների և այլն:

Տվյալ մոդելի ստեղծման հիմքում ընկած է անձնական սեփականության և դրա տնօրինման նկատմամբ վերաբերմունքի հեղափոխական փոփոխությունը: Հասանելիության կատեգորիան սկսում է փոխարինել սեփականության մտածելակերպին: Մի շարք հետազոտողների կարծիքով շարունակական տեխնոլոգիական ճեղքումները առանցքային դեր են խաղացել բազմաթիվ առցանց առևտրային և այլ հարթակների տարածման գործում: Այնուամենայնիվ, տեխնոլոգիան կմնար չպահանջված առանց պատրաստակամ համայնքի առկայության: Վերջինս ձևավորվել է համատեղ սպառման տնտեսության մյուս առանցքի՝ վստահության հիման վրա: Վստահություն վայելող և հուսալի հարթակը սովորաբար բնորոշվում է մշտական հաճախախորդների քանակով և բարձր վարկանիշներով: Փոխգործունեության թվային ուղիները ապահովեցին մոդելի առաջխաղացման հաջորդ կտրուկ շրջադարձը: Վերջապես, շարժական սարքերի և վճարային առցանց ծառայությունների տարեց տարի աճող մասսայականությունը և արագ տարածումը նպաստեցին միացյալ սպառման տնտեսության զարգացման արագացմանը:  

Համատեղ սպառման տնտեսության մոդելով աշխատող ստարտափերը տարատեսակ ոլորտներում գործող քրաուդսորսինգի հարթակներն են ՝ ճանապարհորդություն (TripAdvisor, EatWith), ֆինանսավորում (Kickstarter, Indiegogo), կադրերի հավաքագրում (Careerify), բովանդակային մարքեթինգ (Pinterest), սոցիալական խնդիրներ (Change.org, Quora), անհատ խորհրդատուներ (MosaicHub, Maven, Expert360), տվյալների բազաներ (AngelList, DealRoom), և այլն:

Նոր խափանիչ լուծումների ի հայտ չգալու դեպքում ակնկալվում է համատեղ սպառման տնտեսության օրգանական աճ: Դա ենթադրում է մոդելի հետագա յուրացումն իր մասնակիցների կողմից`ապրանքների և ծառայությունների բարելավումը և աշխարհագրական տարածումն ապահովելու համար: