Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ռազմավարական խաչմերուկում

Արդյո՞ք Հայաստանը կփորձի զարգացնել հանքարդյունաբերության ոլորտը, թե կկասեցնի ոլորտի ընդլայնումը: Իսկ կա արդյո՞ք երրորդ ճանապարհ:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ներկայումս գտնվում է երկու ծայրահեղ սցենարների խաչմերուկում․ կամ շարժվել ոլորտի ընդարձակման և ակտիվ զարգացման ուղով, կամ ընդունել արմատական բնապահպանական դիրք և կասեցնել երկրում հանքարդյունաբերության ոլորտի որևէ առաջընթաց: Մինչ աշխարհի շատ զարգացած երկրներ, ինչպիսիք են օրինակ ԱՄՆ-ը, Կանադան և Ավստրալիան, ընդունել են հանքարդյունաբերության կայուն զարգացման տեսլականը, Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը հիմնականում ընկալվում է որպես «սև կամ սպիտակ» խնդիր։ Եվ այժմ, երբ հանքարդյունաբերության համաշխարհային ոլորտը ճգնաժամի փուլում է գտնվում, Չինաստան-ԱՄՆ առևտրային պատերազմի և համաշխարհային տնտեսական աճի դանդաղեցմանը զուգընթաց, թվում է, թե ճիշտ ժամանակն է հասկանալ հանքարդյունաբերության ոլորտի դերը Հայաստանի տնտեսության մեջ և զարգացման հեռանկարները ոչ այնքան հեռավոր ապագայում:

Համեմատության նպատակներով կարող ենք վերցնել այնպիսի զարգացած երկրներ, որոնք ունեն խոշոր հանքարդյունաբերության ոլորտներ (օրինակ՝ Կանադա, Ավստրալիա) և Հայաստանին համադրելի երկրներ (տնտեսական զարգացման մակարդակի կամ նախկինում նմանատիպ սոցիալ-տնտեսական համակարգերի առումով, օրինակ՝ Մոնղոլիա և Ղազախստան): ՀՀ Վիճակագրական Կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալների համաձայն հանքարդյունաբերության և բացհանքերի շահագործման ոլորտը կազմում է երկրի ՀՆԱ-ի (2018թ․) մոտ 2․9%-ը: Համեմատության համար նշենք, որ զարգացած երկրներում, մասնավորապես Կանադայում և Ավստրալիայում համանման ցուցանիշը 8-ից 10%-ի սահմաններում է: Պատկերը նույնն է նաև Ղազախստանում և Մոնղոլիայում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ այլ երկրների համեմատությամբ հանքարդյունաբերությունը այնքան կարևոր դեր չի խաղում Հայաստանի տնտեսության մեջ։ Թեև իրականում, հանքարդյունաբերության և բացհանքերի շահագործման արդյունքների չափման մեթոդոլոգիական մոտեցման մեջ առկա է որոշակի նրբություն, ինչը կարող է իր ազդեցությունն ունենալ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի թվացյալ ցածր մասնաբաժնին  ՀՆԱ-ում: ՀՀ ՎԿ-ն առանձնացնում է հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող էական մասը` հանքարդյունաբերության վերամշակված արտադրանքը՝  այն ընդգրկելով այլ դասակարգման մեջ (մասնավորապես` Հայաստանի վերամշակող արդյունաբերության արդյունքների մեջ)։ Կարելի է եզրակացնել, որ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտն ավելի մեծ ազդեցություն ունի տնտեսության վրա, քան ՀՆԱ-ի 3% հաշվարկված մասնաբաժինը։ Համաձայն ՀՀ ՎԿ-ի տվյալների, հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքը կազմում է երկրի ընդհանուր արտահանման մոտ 30%-ը, ինչը ցույց է տալիս, թե ինչ էական նշանակություն ունի հանքարդյունաբերության ոլորտը՝ արտարժույթի ներհոսք ապահովելու տեսանկյունից:

2017 թ.-ին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ներգրավել է մոտ 250 միլիոն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում (ՕՈՒՆ), ինչը առաջին հայացքից խոշոր ցուցանիշ է թվում՝ Հայաստանի այլ ոլորտների ՕՈՒՆ մակարդակի և ընդհանուր առմամբ տնտեսության չափի համադրությամբ։ Սակայն, այլ երկրների համեմատությամբ, Հայաստանը այս ցուցանիշով ևս դեռ զարգացման երկար ուղի պետք է անցնի: Համեմատության նպատակով  կարող ենք դիտարկել յուրաքանչյուր երկրի հանքարդյունաբերության ոլորտի ՕՈՒՆ կուտակային ցուցանիշը (2013 թվականից մինչև 2017 թվականի կուտակային ցուցանիշը) տնտեսության չափը նշագրող որևէ ցուցանիշի (օրինակ՝ ՀՆԱ) հետ հարաբերակցության մեջ: Այս նորմալացման վարժությունից հետո էլ Հայաստանը շարունակում է  զիջել, եթե ոչ բոլոր, ապա համեմատելի երկրներից մեծ մասին։

Կան մի շարք գործոններ, որոնք Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ներդրողների համար պակաս գրավիչ են դարձնում՝ համեմատած Ավստրալիայի, Կանադայի, Ղազախստանի, Մոնղոլիայի և զարգացած հանքարդյունաբերության ոլորտ ունեցեղ շատ այլ երկրների հետ․

  • Հաճախակի փոփոխվող օրենքներ և քաղաքականություն,
  • Ներդրողների պաշտպանության ցածր մակարդակ,
  • Ժամանակակից երկրաբանական հետազոտությունների բացակայություն:

Այդքան աղմուկ բարձրացրած Ամուլսարի մասին կարծում ենք լսել են բոլորը։ Կանադական «Lydian International» ընկերությունը իրավունք էր ձեռք բերել շահագործելու Ամուլսարի ոսկու հանքը, որը գտնվում է Ջերմուկ քաղաքի մերձակայքում  (որն առավել հայտնի է իր հանքային ջրերով)։ Սակայն բնապահպանների և շրջանի բնակչության ուժեղ ընդդիմությունը ստիպել է կառավարությանը կասեցնել հանքում ընկերության գործունեությունը, մինչև լրացուցիչ անկախ գնահատմամբ չհաստատվի հանքերի շահագործման անվտանգությունը շրջակա միջավայրի համար։

Ամուլսարի դեպքը վառ ապացույց է, որ մեր կարգավորող շրջանակի մեջ բացակայում են շրջակա միջավայրի ստանդարտները պահպանող, ինչպես նաև ներդրողների պաշտպանության մեխանիզմներ, որոնց կարելի է վստահել։ Ավելին, պարզ դարձավ, որ հասարակությունը մտահոգված է հանքարդյունաբերության ոլորտի բնապահպանական հետևանքներով և պահանջում է  կիրառել հստակ բնապահպանական ստանդարտներ։ Դեռևս անկայուն քաղաքական միջավայրը, որն ուղեկցվում է թույլ երկրաբանական հետազոտությամբ, խոչընդոտում է դեպի Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ հնարավոր ներդրումային ներհոսքի շատացմանը: Հզոր հանքարդյունաբերություն ունեցող զարգացած երկրների մեծ մասը ապացուցել է, որ երկրաբանական հետազոտությունների և երկրաբանական գիտությունների զարգացումը, ինչպես նաև անկախ երկրաբանական ինստիտուտի ստեղծումը (օրինակ՝ Կանադայի երկրաբանական հետազոտության ինստիտուտը), մասնավորապես, նպաստում են հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը և, հետևաբար, ՕՈՒՆ-ի  ներգրավմանը:

Հանքարդյունաբերության  իրավական և կարգավորող միջավայրը հետագա բարելավման կարիք ունի դեռ, ինչպես նաև կան բացեր հարկաբյուջետային քաղաքականության մեջ, սակայն գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանը, ի դեմս իր կառավարության և բնակչության, ցանկանում է զարգացնել հանքարդյունաբերության ոլորտը, թե կորոշի կասեցնել ոլորտի հետագա զարգացումը մեկընդմիշտ: Զարգացած երկրները, ինչպիսիք են՝ Ավստրալիան, Կանադան մեծապես ապավինում են իրենց հանքարդյունաբերության ոլորտներին և փորձում են բարելավել օրենքները և կանոնակարգերը՝ հանքարդյունաբերության ոլորտի հետագա կատարելագործման համար: Սակայն վերջիններիս ընտրած ուղին վերաբերում է բացառապես «կայուն հանքարդյունաբերությանը»: Այդ երկրների կառավարությունները   մեծ ուշադրություն են դարձնում հանքերի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասին, աշխատավայրում առողջության անվտանգությանը, հանքերի վերականգնման ծրագրերին, հանքարդյունաբերության ծրագրերի ֆինանսական կայունությանը և այլն: Կայունությունը վերաբերում է նաև հանքարդյունաբերական գործունեության օպտիմալացմանը՝ նոր տեխնոլոգիաների և մեթոդների կիրառման միջոցով: Ինքնավար մեքենաները, 3D լուծումները, հանքերի  մուտքից մինչև խորը խորշեր թռչող սարքերը (դրոններ) այլևս սովորական են ու լայնորեն կիրառելի։  Եվ միգուցե հենց Հայաստանը, որ գտնվում է բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղու վրա, լավագույն հնարավորություններն ունի հանքարդյունաբերության ոլորտում ինտեգրել այդ ժամանակակից տեխնոլոգիաները:  Այսպիսով, արդյո՞ք Հայաստանը կկարողանա հետևել հանքարդյունաբերության կայուն զարգացման հաջողակ օրինակներին,  թե ի վերջո պետք է ընտրություն կատարվի «շարունակել ինչպես կա»  կամ «կասեցնել»  տարբերակների միջև։

Հեղինակ՝ Նարինե Պողոսյան, խորհրդատու