Մրցունակություն և աճ

 
shadow

Մրցունակությունը, որի հիմքում ընկած է արտադրողականության բարձր և մշտապես աճող մակարդակը, չի կարող կանխորոշվել պարզապես ռեսուրսներով ապահովվածության հաշվին: Այն կապված է երկրների ռեսուրսները և բիզնես միջավայրի գործոնները արդյունավետ օգտագործելու ունակության հետ: Այս համատեքստում մրցունակությունը նույնացվում է ազգի, ձեռնարկությունների և քաղաքացիների կողմից նշված ունակության զարգացմանն ուղղված հիմնավոր ռազմավարությունների մշակման կարողության հետ:

Ոլորտում մեր նախաձեռնությունները ամփոփված են հետևյալ ընդարձակ դասակարգումներում.


 
Մրցունակությունը ներկայումս Հայաստանի պետական այրերի, ինչպես նաև հայաստանյան ընկերությունների առջև ծառացած հիմնական մարտահրավերից է: Մրցունակության մակարդակից է կախված, թե Հայաստանը կկարողանա արդյոք կայուն և ներդաշնակ տնտեսական աճ ապահովել: Մինչ այժմ Հայաստանի տնտեսական կատարողականը զգալիորեն կախված է եղել արտաքին գործոններից (դրամական փոխանցումներ, միջազգային ֆինանսական ու նվիրատու (դոնոր) կազմակերպությունների օգնություն): Մենք ձգտում ենք նպաստել Հայաստանի մրցունակության բարելավմանն ուղղված երկխոսությունների և վերլուծությունների խորացմանը: «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի առանցքային վերլուծությունը` Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը, նպատակ ունի նպաստել նշված գործընթացներին:

 
Մրցունակությունը պայմանավորվում է ազգերի կողմից այնպիսի միջավայր ստեղծելու ունակությունով, որը թույլ կտա ձեռնարկություններին և անհատներին արդյունավետորեն օգտագործել առկա ռեսուրսները: 
Մրցունակությունն ամբողջությամբ արմատավորված է արտադրողականության հասկացության մեջ:
Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից մշակվող Համաշխարհային մրցունակության զեկույցը (ՀՄԶ) երկրների մրցունակության գնահատման առաջատար աղբյուր է:
 
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը ՀՏՖ-ի Համաշխարհային մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպությունն է 2005թ. հունվարից ի վեր: Հիմնական համագործակցությունը ծավալվում է Հայաստանը Համաշխարհային մրցունակության զեկույցում ընդգրկելու ուղղությամբ, որի արդյունքում Հայաստանը առաջին անգամ ներառվեց 2005-/2006թթ զեկույցում:
 
2013-2014 թթ. Համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն` Հայաստանը 148 երկրների շարքում 79-րդն է: 
 

Զբոսաշրջության մրցունակություն

Շատ երկրներում տուրիզմը ազգային հարստության և տնտեսական աճի կարևորագույն աղբյուրներից է: Հայաստանում այն ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ: 

Զբոսաշրջության ոլորտին վերաբերվող մեր-ի հետազոտությունները և վերլուծությունները արժեքավոր տեղեկատվություններ են պարունակում հանրային եւ մասնավոր հատվածների որոշումների կայացման համար:

Ի-Վի Քոնսալթինգն իր մասնակցությունն է ունեցել Հայաստանի զբոսաշրջության ռազմավարության հայեցակարգի մշակմանը` հանդիսանալով վերջինիս համահեղինակը` նախագծերի հետ համատեղ: 
 
Մենք օժանդակում ենք Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից Զբոսաշրջության մրցունակության զեկույցի պատրաստմանը, որտեղ Հայաստանը առաջին անգամ ընդգրկվել է 2006 թվականին: Զեկույցն օգտագործում է ինչպես կոշտ տվյալներ տեղեկատվության բաց աղբյուրներից, այնպես էլ ՀՏՖ-ի կողմից իրականացվող Ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքները: Հայաստանում հարցման գործընթացը ամբողջովին համակարգվում է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից:

Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) խթանիչ ուժ են համաշխարհային տնտեսության արագընթաց զարգացման համար: Համաշխարհային տնտեսական ֆորումի հետ մեր սերտ համագործակցության շնորհիվ Հայաստանի ՏՏ ոլորտը հետազոտվում և ներառվում է Համաշխարհային ՏՏ զեկույցի մեջ: Վերջինս արժեքավոր միջոց է երկրի տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև զարգացման դինամիկան գնահատելու համար: