Տնտեսության առաջնային ոլորտներում բարձրագույն կրթության պետական աջակցություն

Սևակ Հովհաննիսյան, Հովհաննես Աթաբեկյան| Հունիս, 2012

Բարձրագույն կրթության (ԲԿ) ֆինանսավորման համակարգի հիմնախնդիրները հաղթահարելու նպատակով ՀՀ կառավարությունը, համաձայն 2011թ. հունիսի 30 ընդունված N 30 որոշման, հաստատեց Բարձրագույն կրթության ֆինանսավորման (ԲԿՖ) ռազմավարությունը: Համաձայն  ռազմավարության՝ նախատեսվում է իրականացնել ԲԿ ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխումներ, որը ենթադրում է պետություն-բուհ հարաբերությունների համակարգի վերափոխում: Ավելին՝ նախատեսվում է բարելավել ուսանողների ֆինանսական աջակցման ներկայիս համակարգը՝ ձևավորելով և ներմուծելով պետական միջոցների բաշխման պարզ մեխանիզմ: Համաձայն ռազմավարության՝ ուսանողների աջակցման առանձնակի մեխանիզմներից մեկը մասնագիտական կրթաթոշակների ծրագիրն է: Վերջինիս հիմնական նպատակն է ապահովել տնտեսության առաջնային ճյուղերում պոտենցիալ պահանջարկին համապատասխան՝ բուհերի շրջանավարտների բավարար առաջարկ: Վերը նշված համատեքստում, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի պատվերով «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունն իրականացրել է հետազոտություն, որի խնդիրներն են՝
  • տնտեսության առաջնային ճյուղերի նույնականացումը՝ ելնելով պետության կողմից իրավական փաստաթղթերով սահմանված ճյուղային գերակայություններից,
  • տնտեսության առաջնային ճյուղերում բուհերի շրջանավարտների պոտենցիալ պահանջարկի գնահատումը, 
  • բարձրագույն կրթության ոլորտում պետական աջակցման միջազգային փորձի ուսումնասիրությունը: 
Ուսումնասիրության ընդհանուր նպատակն է աջակցել բարձրագույն կրթության հատուկ պետական ֆինանսավորման ծրագրի նախագծմանն ուղղված որոշումների կայացմանը, որը միտված է տնտեսության առաջնային ճյուղերում որակյալ մասնագետների ապագա պահանջարկի բավարարմանը: