Արդյո՞ք Հայաստանը հետևում է արտադրողականության կոնվերգենցիայի միտմանը

Կոնվերգենցիայի գաղափարը շատ տարածված է տնտեսական աճի և մրցունակության ուսումնասիրություններում, մասնավորապես աճի նեոդասական մակրոտնտեսական վերլուծություններում: Աղքատ երկրներն ավելի արագ են աճում, քան հարուստները, ինչը բացատրվում է առնվազն երեք հիմնական ենթադրություններով։

Նախ, Սոլոուի տնտեսական աճի մոդելը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հատվածում երկրները հակված են հասնելու իրենց կայուն հավասարակշիռ մակարդակին։ Հետևաբար, քանի որ աղքատ երկրները համեմատաբար հեռու են իրենց կայուն հավասարակշիռ մակարդակից, ակնկալվում է, որ նրանք ավելի արագ կաճեն՝ հարուստ երկրների մակարդակին հասնելու նպատակով։

Հարուստ երկրներում կապիտալի շահութաբերությունը ավելի ցածր է, այդ իսկ պատճառով կապիտալը հիմնականում հարուստ երկրներից հոսում է դեպի համեմատաբար աղքատ երկրներ՝ նպաստելով այդ երկրների կոնվերգենցիային և հարուստ երկրների հետ տնտեսական աճի ու զարգացման մակարդակների տարբերության կրճատմանը։

Կոնվերգենցիայի տեսությունը հիմնավորող երրորդ գործոնը  գիտելիքների և տեխնոլոգիաների ավելի ուշ տարածումն է, որովհետև միշտ չէ, որ երկրներն իրենց աշխատաշուկայում օգտագործում են լավագույն հասանելի տեխնոլոգիաները: Մրցակցությունը, ուսուցման փորձն ու գիտելիքների փոխանակումը, մասնավորապես արտահանելի ոլորտներում, աղքատ երկրներին հնարավորություն են տալիս ավելի արագ աճել և ձգտել իրենց հնարավոր առավելագույն մակարդակին:

Ստորև ներկայացված գծապատկերը ցույց է տալիս, որ մեկ շնչի հաշվով ավելի ցածր ՀՆԱ ունեցող երկրները բազային  տարիների ընթացքում  ունեն մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի ավելի բարձր տարեկան աճ, քան առաջադեմ և զարգացած տնտեսությունները՝ հաստատելով կոնվերգենցիայի առկայությունը ժամանակի ընթացքում։

 

Աշխատանքի արտադրողականության կոնվերգենցիան ենթադրում է հարուստ երկրների համեմատ արտադրողականության տարբերությունների, զարգացման մակարդակի անհամապատասխանությունների նվազեցում։ Պատմականորեն ցածր և միջին եկամուտ ունեցող տնտեսություններն իրենց աշխատանքի արտադրողականության աճի տեմպով  գերազանցում են համաշխարհային միջին և բարձր եկամուտ ունեցող տնտեսությունների արտադրողականության  աճի տեմպերը: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները շարունակում են գրանցել արտադրողականության աճի բարձր ցուցանիշներ։

Արտադրողականության կոնվերգենցիայի գաղափարը բազմիցս քննարկվել է տարբեր հետազոտողների կողմից վերջին շրջանում։ Միջազգային կազմակերպություններն, ինչպես օրինակ ՏՀԶԿ, ԱՄՀ մշակում են մակրոտնտեսական մոդելներ՝ հիմնված տնտեսությունների կոնվերգենցիայի տեսության վրա։

Ստորև ներկայացված գծապատկերը փաստում է, որ արտադրողականության կոնվերգենցիայի միտումը շարունակվում է նաև 2018թ․-ին, և ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրները շարունակում են գրանցել արտադրողականության աճի ավելի բարձր ցուցանիշներ, համաշխարհային միջինի և բարձր եկամուտ ունեցող տնտեսությունների համեմատ։

2018 թվականից Համաշխարհային բանկը Հայաստանը դասել է բարձր միջին եկամուտ ունեցող տնտեսությունների շարքում: Լինելով միջին եկամուտ ունեցող տնտեսությունների շարքում, Հայաստանը միջինում ունի մեկ անձի հաշվով ՀՆԱ-ի բարձր աճի ցուցանիշ աշխարհի միջինի և բարձր եկամուտ ունեցող երկրների համեմատությամբ: 2008 թ.-ի ֆինանսական ճգնաժամը զգալիորեն հարվածել է Հայաստանի տնտեսությանը, որի արդյունքում մեկ աշխատողի հաշվով ՀՆԱ-ն նվազել  է մինչև -12,5%: Ճգնաժամից հետո, վերականգնման ժամանակաշրջանում, Հայաստանի տնտեսությունը ցուցաբերել է արդյունավետության տատանողական մակարդակ՝ ունենալով մեկ աշխատողի հաշվով ՀՆԱ-ի միջինում  4.1% աճ 2011-ից 2018թթ․ ժամանակահատվածի համար՝ չափված հաստատուն 2011թ․-ի գնողունակության պարիտետի միջազգային դոլարով։ Գրանցված աճը ավելի բարձր է համաշխարհային միջինից և բարձր եկամուտ ունեցող տնտեսություններից, հաստատելով, որ Հայաստանը հետևում է աշխարհում արտադրողականության կոնվերգենցիայի միտմանը:

Աշխատանքի արտադրողականության կոնվերգենցիան նաև լուրջ  մարտահրավերներ է ստեղծում տնտեսությունների համար։ Աշխատանքի արտադրողականության բարձր աճի տեմպերը  պահանջում են  ավելի բարձր տնտեսական աճ երկրում գործազրկության, աշխատատեղերի ստեղծման, հետզհետե ավելացող բևեռացման և աղքատության խնդիրների լուծման համար։

 

 

Տնտեսական աճի պատմական տեմպը, աշխատանքի արտադրողականության աճի բարձր տեմպին[1] զուգահեռ, բավարար չի եղել աշխատատեղերի հավելաճ ապահովելու համար, որն անհրաժեշտ պայման էր առկա գործազրկության մակարդակի նվազման համար: 2011-ից 2017թթ. ՀՆԱ-ի բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպը Հայաստանում կազմել է 4.1%, մինչդեռ աշխատանքի արտադրողականության ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է 6.8%: Հետևաբար երկրում աշխատատեղերի թիվը 2011 թվականից նվազել է՝ 1.17 միլիոնից հասնելով 1.01 միլիոնի՝ հանգեցնելով Հայաստանում 163,000 աշխատատեղի կրճատման:

Կայուն և ընդգրկուն տնտեսական աճը  կհանգեցնի երկրում  գործազրկության և աղքատության մակարդակի իջեցմանը,  կնվազեցնի տնտեսական և աշխատանքային շուկայի բևեռացումը,   ինչպես նաև երկրում եկամուտների անհավասարության մակարդակը:

Միայն աշխատանքի արտադրողականության աճը բավարար չէ առաջատար տնտեսություններին հասնելու և Հայաստանի տնտեսական իրավիճակի բարելավման համար: Որոշ դեպքերում դա կարող է հանգեցնել նույնիսկ ավելի շատ տնտեսական խնդիրների, ինչպիսիք են գործազրկության մակարդակի աճը և աշխատատեղերի կրճատումը:

Վերոնշյալ տնտեսական խնդիրները լուծելու և  Հայաստանը զարգացած երկրների աշխատանքային արտադրողականության և տնտեսական մակարդակին հասցնելու նպատակով ՀՆԱ-ի աճի, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծման ավելի արագ տեմպեր ու բարձր մակարդակ է անհրաժեշտ թիրախավորել։

 

[1]Աշխատուժի արտադրողականությունը հաշվարկվում է որպես համախառն ավելացված արժեք՝ մեկ աշխատողի հաշվով:

Հեղինակ՝ Սառա Զաքարյան