Հետադարձ հայացք նետելով վերջին մի քանի տարիների բիզնես խորհրդատուի աշխատանքին, կարող եմ ասել, որ այն աննախադեպ տեմպով բարդանում է: Մի խումբ գործոններից կընտրեմ բիզնեսի խնդիրների աճող փոխկապակցվածությունը:
Մինչ տարբեր ոլորտների հետագա զարգացման վեկտորը դեռևս աղոտ է, բիզնեսներն ավելի և ավելի հաճախ են հայտնվում ճիշտ առաջընթացի ճանապարհի անդադար փնտրտուքի մեջ:
Մյուս կողմից՝ մի խումբ գլոբալ փոխկապակցված միտումների համադրությունը փոխակերպում է համաշխարհային տնտեսական, տեխնոլոգիական և սոցիալական պատկերը: Նոր տնտեսական հեղափոխությունը՝ Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն առաջիկա տարիներին աննախադեպ մասշտաբով կդրսևորի իր ներգործությունը՝ դարձնելով իրերն ավելի խրթին: Արագ զարգացող տեխնոլոգիաների մի կրիտիկական զանգված (արհեստական բանականություն, նանոտեխնոլոգիաներ և ռոբոտիկա, 3D տպագրություն) համաշխարհային մակարդակի վրա իրապես ճեղքումային դեր կխաղա մոտ ապագայում:
Այս համատեքստում բիզնեսի կողմից խորհրդատվական ընկերությանը դիմելը չի նվազեցնում առկա անորոշությունները, այլ ապավինում է վերջինիս հմուտ մոտեցումներին ՝ որը նաև իր համբավն է ռիսկի տակ դնում:
Որո՞նք են հետևանքները
Այլևս չկան անվերապահ ճշմարտություններ, այլ փորձ է արվում դուրս բերել լավագույն ռացիոնալ ենթադրությունները:
Նոր ի հայտ եկած բազմաշերտ մարտահրավերները շարունակական կերպով բախվում են կազմակերպության հնացած կառուցվածքների հետ:
Փոխկապակցվածությունն ամբողջությամբ վեր հանելը ավելի և ավելի բարդ է դառնում: Լուծման բանալին երևույթներին համակարգային մոտեցման մեջ է:
Ճիշտ ախտորոշումը կրիտիկական կարևորություն է ձեռք բերում: Լուծելով առանձին խնդիրներ՝ առանց համալիր հասկանալու ամբողջական պատկերը, իրականում կարող է ավելացնել բիզնեսի խնդիրները: Բիզնեսների խնդիրները փոխկապակցված են և այդպիսին են նաև դրանց լուծումները, որոնց կողմնակի ազդեցության չափը և պատասխանատվությունը աճի միտում ունեն։
Հարաբերությունների տեսանկյունից
Փոխկապակցված խնդիրները ենթադրում են մի շարք շահառուներ: Մեր օրերում մեկ ընդհանուր նպատակի շուրջ շահառուների համախմբվածության և կառուցողական երկխոսության ապահովումը առաջնային գործոն է դառնում: Բիզնեսի լուծումները դառնում են ցանցային՝ վերափոխման գործընթացում ընդգրկելով տարբեր գործընկերների խմբերի:
Ընկերությունները զգալի կերպով ներգրավվում են իրենց համակարգերի, գործընթացների և ցանցերի զարգացման մեջ: Բիզնեսները, որոնք այս գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու համար օպտիմալ կօգտագործեն իրենց ակտիվները և հնարավորությունները, ավելի մեծ հավանականությամբ կհայտնվեն հաղթողների շարքերում: Բիզնեսում կայուն արժեքների ներդնումը, որը դյուրին հաղորդակցելի և փոխանցելի է, առաջխաղացման հավելյալ լծակ կհանդիսանա:
Տեխնոլոգիաների տեսանկյունից
Տեխնոլոգիական սրընթաց զարգացումները կինտենսիվացնեն շուկայի ինտեգրումը՝ ուժգնացնելով տնտեսական, սոցիալական և տեխնոլոգիական համակարգերի մեջ առկա փոխկապակցվածությունը: Շաղկապված զարգացումները աճող տեմպով կտանեն դեպի համագործակցային տնտեսությունների ընդլայնմանը՝ մասշտաբայնացնելով համատեղ սպառման տնտեսության (shared economy) չափը:
Սահմանափակումների տեսանկյունից
Լայն անորոշությունները և բազմաշերտ համակարգերն անհնար է ամբողջությամբ կառավարել: Նմանատիպ համակարգերի հետ արդյունավետ աշխատելու մոտեցումը ի սկզբանե կարծր իրականության մարտահրավերները և սահմանափակումները ճանաչելն է:
Ապագայի մասին
Պետք է գերակայի երկարաժամկետ մտածողությունը, թե ինչպես ստեղծել մնայուն արժեքներ:
Ի՞ նչ կարող ենք բոլորս ակնկալել: Թեև համաշխարհային տնտեսական մակարդակի վրա զգալի ձեռքբերումներ են արձանագրվել, սակայն ամեն օր բախվում ենք նաև հստակ վկայությունների առ այն, որ դեռևս առկա են շոշափելի սոցիալ-տնտեսական անհավասարություններ: Փոխկապակցվածությունների շարունակական ընդլայնումը կդասվի այն հիմնական ուղիների թվում, որոնք ներուժ ունեն տանելու ներառական տնտեսական աճի, թեև պայմանները կոշտ կլինեն նրանց համար, ովքեր կձախողեն համընթաց քայլել այս ամենի հետ:
Հեղինակ՝ Հովհաննես Աթաբեկյան, Մենեջեր
