Նոր տնտեսական իրականությունը եւ մեր պատասխանը

Աշխարհում եւ Հայաստանում նոր տնտեսական իրականություն է։ Այն եկավ հաշված օրերի ընթացքում: Կորոնավիրուսի համաճարակի վտանգը ստիպեց բազմաթիվ երկրների կառավարությունների ներմուծել աննախադեպ կանխարգելող միջոցառումներ, որոնք էականորեն սահմանափակում են տնտեսական գործունեությունը։ Դեռ մի քանի շաբաթ առաջ միջազգային կառույցները գնահատում էին, որ համաշխարհային տնտեսական աճը կդանդաղի 1-2 տոկոսային կետով, այսօր գերակշռում են այն գնահատականները, ըստ որոնց խոշորագույն տնտեսություններում տարեկան անկումը կարող է լինել երկնիշ (երեք ամիս 40% անկումը տարեկան հաշվարկով մոտ 10% անկում է)՝ չափավոր ազդեցության սցենարներում։ Վատագույն սցենարներում այդ անկումը կարող է լինել ավելի մեծ։

Տնտեսական ակտիվության սահմանափակումը սկսվեց որպես առաջարկի շոկ՝ ուղեկցվելով մատակարարման շղթաների  խափանմամբ, այժմ այն արագ վերածվում է պահանջարկի շոկի։ Դեռեւս սրան չի ավելացել ֆինանսական շոկը, որը կսկսվի չվճարումների շղթայից։ Եթե դա տեղի ունեցավ, այն ավելի կկրճատի համախառն պահանջարկը՝ արատավոր շղթան կփակվի եւ  կմտնենք «կատարյալ փոթորիկի» փուլ։

Դրական կողմն այն է, որ նման տնտեսական սահմանափակումները գիտակցված որոշման արդյունք են, եւ համաճարակի վտանգի թուլացմանը զուգընթաց, կթուլացվեն նաեւ ֆիզիկական շփումների հետ կապված սահմանափակումները եւ վերականգնումը կարող է արագ տեղի ունենալ։ Ամենամեծ անհայտը ժամանակահատվածն է, երբ այդ թուլացումները հնարավոր կլինեն՝ առանց լուրջ առողջապահական ռիսկեր առաջացնելու։  Այս պահին հանրային քաղաքականության տրամաբանությունը եւ դրանից բխող գործիքակազմը պետք է հենվի արագ վերականգնման (V-ձեւ) տնտեսական վարքագծի վարկածի վրա՝ որպես ցանկալի սցենար։ Եթե նշմարվի այլ վարքագիծ, քաղաքականությունը պետք է արագ հարմարվի։ Նույնիսկ եթե այսօր իմանանք այլ վարքագծի ավելի բարձր հավանականության մասին՝ ստարտային տնտեսական միջամտությունների տրամաբանությունը էականորեն չի փոխվի։ Մի բան ակնհայտ է, այս իրավիճակը աննախադեպ է, տնտեսական, սոցիալական եւ դրանից բխող երկրորդային առողջապահական վնասը կարող է չափազանց մեծ լինել, շատ դեպքերում՝ անվերականգնելի։ Հետեւաբար, այժմ օրթոդոքս տնտեսական մոտեցումների ժամանակը չէ, աննախադեպ իրավիճակին համահունչ պատասխանը ենթադրում է աննախադեպ միջամտություններ եւ չափերի եւ գործիքակազմի տեսանկյունից։

Խոշորամասշտաբ պետական աջակցությունը եւ խթանման միջոցառումները այս իրավիճակը մեղմելու միակ աղբյուրն են։ Այս թեզի շուրջ երկրների մեծամասնությունում լայն կոնսենսուս կա ։ Ընդհանուր միջամտության ծավալը պետք է համահունչ լինի ակնկալվող տնտեսական արժեքի կորստի չափերին։ Զարգացած երկրների մինչ այժմ հայտարարված խթանման փաթեթները ենթադրում են  աննախադեպ ծավալներ, մասնավորապես ՀՆԱ-ի նկատմամբ այդ ծավալները Իսպանիայում՝ 9%, ԱՄՆ-ում՝ 10%, Մեծ Բրիտանիայում՝ 15% , Իտալիայում՝ 20%, Գերմանիայում՝ 22% են կազմում։ Փոքրամասշտաբ միջամտությունները ապրիորի անարդյունավետ են գնահատվում։

Հայաստանում վարչապետի հայտարարած աջակցման ընդհանուր 150 մլրդ գումարը   ՀՆԱ-ի 2% տոկոսի սահմաններում է։ Հատկանշական է, որ դրա մեծ մասը՝ 80 մլրդ դրամը, ձեւակերպվում է որպես «աջակցություն նորարար ընկերություններին եւ նախագծերին, որոնք Հայաստանը կպատրաստեն նոր՝ հետկորոնավիրուսային աշխարհին»: Այս մասը պարզ չէ, թե ինչքանով է ուղղվելու կոնկրետ այսօրվա` «կորոնավիրուսային փուլի» խնդիրները լուծելուն։

ՀՀ-ում  միջամտության կարիքը կարող է հասնել ընդհուպ մինչեւ ՀՆԱ-ի նկատմամբ 10%-ի, այսինքն` մոտ 650 մլրդ դրամի։ Այն ֆինանսավորելու համար անհրաժեշտ է ավելացնել միաժամանակ եւ արտաքին եւ ներքին պարտքը։ Հաշվի առնելով, որ Հայաստանը միջին պարտքային բեռ ունեցող երկրների շարքում է (պետական պարտք/ ՀՆԱ 54%) այստեղ բեռի մեծացման պոտենցիալը առկա է։ Հավանաբար, կպահանջվի կառավարության պարտք / ՀՆԱ սահմանաչափի (60%) օրենսդրական փոփոխություն (ընթացիկ ցուցանիշը՝ 50%)։ Այս տրամաբանության մեջ առաջարկվելիք գործողությունները հետեւյալն են․

1․ Ներքին եւ արտաքին խոշորամասշտաբ պետական փոխառություններ

Պետական պարտատոմսերի շուկայի միջոցով նշանակալի միջոցների ներգրավումը իրատեսական է, քանի որ բանկային համակարգում առկա է իրացվելիություն եւ բանկերը նախընտրելու են միջոցները տեղաբաշխել նվազ ռիսկային ակտիվների մեջ։ Մյուս կողմից, այժմ  շատ արագ պետք է օգտագործել որեւէ հնարավորություն արտաքին պարտքի ներգրավման համար, քանի  դրանք առկա են։ Մասնավորապես, Համաշխարհային Բանկը հայտարարել է կորոնավիրուսի հետեւանքների մեղմանն ուղղված 12 մլրդ ԱՄՆ դոլար վարկային ռեսուրսների տրամադրման վերաբերյալ։ Պետք է արագ օգտվել նման հնարավորություններից։

2.     «Քանակական թուլացման» (quantitative easing) ներմուծում դրամավարկային քաղաքականության շրջանակներում

«Քանակական թուլացումը» ենթադրում է ՀՀ  Կենտրոնական բանկի կողմից պետական եւ այլ արժեթղթերի լայնամասշտաբ գնումներ, որով ավելացնում է փողի առաջարկը։ Սա ոչ ավանդական դրամավարկային գործիք է, որը լայնորեն կիրառվեց զարգացած երկրներում 2008թ․ ճգնաժամի ժամանակ եւ սկսվում է կիրառվել այս ճգնաժամի ընթացքում։ Այն ինչ կարելի էր զարգացած երկրներին, երկար ժամանակ չէր կարելի զարգացողներին։ Այս աննախադեպ իրավիճակը լավ առիթ է այդ տրամաբանությունը խզելու։ Կախված, թե ինչպես կզարգանան դեպքերը չպետք է բացառել նաեւ այն, որ ինչ-որ պահի հնարավոր պետք է համարել այսպես կոչված ֆիսկալ դեֆիցիտի մոնետար ֆինանսավորումը, որը ենթադրելու է ԿԲ-ի կողմից կառավարության պարտքի ֆինանսավորման օրենսդրական արգելքի ժամանակավորապես վերացում։ Նախկինում «հերձվածողական» համարվող այս մոտեցումը հիմա շատ հեղինակավոր աջակիցներ ունի (օրինակ՝ Ադեյր Թյուրներ, Մեծ Բրիտանիա Ֆինանսական կարգավորման մարմնի (FSA) նախկին նախագահը)։  Այժմ կենտրոնական բանկերը գնում են աննախադեպ քայլերի, մասնավորապես, Դաշնային ռեզերվների համակարգը մարտի 23-ին հայտարարեց մասշտաբային վարկավորման ծրագրի մեկնարկ ուղղված  տարբեր տնտեսական ագենտներին, ներառյալ մունիցիպալ մարմինները, ընկերությունները եւ աշխատակիցները։

Հայաստանում երկար ժամանակ է ինչ ձեւավորվել է ցածր գնաճային միջավայր, իսկ այժմ համախառն պահանջակի կտրուկ սահմանափակման պայմաններում գնաճի ռիսկերը մեծ չեն։ Այն ռիսկը, որ լրացուցիչ դրամային զանգվածը կարող է հայտնվել արտարժութային շուկայում՝ մեծացնելով ճնշումը դրամի փոխարժեքի վրա եւս կառավարելի է, հաշվի առնելով, որ ԿԲ-ն այս ընթացքում կուտակել է նշանակալի արտարժութային ռեզերվներ եւ նման ճնշումների պարագայում խոշոր միաժամանակյա ներարկումների միջոցով կարող է կայունացնել շուկան, անիմաստ դարձնելով սպեկուլյատիվ պահանջարկը եւ միաժամանակ  ստերիլիզացնելով չաշխատող դրամային զանգվածը։ Բայց ամենակարեւոր լծակը այն է, որ լրացուցիչ դրամային զանգվածը բյուջեի միջոցով ուղղորդվի թիրախավորված սոցիալական խմբերին՝ փոխարինելու տնտեսական չստացված եկամուտը։

Տնտեսության աջակցության գործիքակազմը

Տարբեր երկրների հայտարարված աջակցության գործիքակազմերի հիմնական տարբերակները հետեւյալն են․

1․    Պետական վարկեր կամ երաշխիքներ ընկերություններին
2.    Աշխատողների եկամուտների/աշխատավարձերի սուբսիդիաներ
3.    Հարկային վճարումների հետաձգումներ
4.    Սոցիալական ապահովագրության վճարների հետաձգումներ կամ սուբսիդիաներ
5.    Վարկերի վճարման արձակուրդներ
6.    Զանգվածային կամ թիրախավորված միանվագ գումարի բաժանում բնակչությանը (‘helicopter money’)

ՀՀ կառավարությունը հրապարակել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացմանն ուղղված առաջին միջոցառումը։ Այն, ըստ էության, պետական վարկավորման մեխանիզմ է (վերը նշված ցանկի 1-ին կետը)։ Սա կարեւոր եւ անհրաժեշտ քայլ է։  Այնուամենայնիվ, նախատեսված միջոցառման կարեւորագույն հատկանիշը այն է, որ ռեսուրսները ուղղորդվելու են բանկային համակարգի կողմից, այսինքն, վարկավորման որոշումները կայացվելու են բանկերի կողմից, որոնք դա անելու են վարկունակության գնահատականի վրա։ Սա, թերեւս, օժանդակելու է այս իրավիճակից ամենաքիչ ազդեցություն կրած ընկերություններին, վերաֆինանսավորման գործիքն էլ ամենամեծ պահանջարկն է ունենալու։  Եթե, բիզնեսը կորցնում է հաճախորդներին ֆիզիկական սահմանափակումների պատճառով (օրինակ, հյուրանոցներ, ռեստորանները եւ այլն), ապա խելամիտ բիզնես որոշումը ենթադրում է ծախսերի կրճատում, ոչ թե վարկով դրանց շարունակում նույն մակարդակի վրա, թեկուզեւ այդ վարկը զրո տոկոսադրույքով է։ Այլապես, դա կբերի սնանկությունների շարանի։ Մյուս կողմից, եթե աշխատակիցները ազատվեն աշխատանքից, նրանք կնվազեցնեն իրենց սպառումը, որն էլ իր հերթին բացասական կազդի ամբողջ տնտեսության վրա։ Հետեւաբար, կառավարության հայտարարված միջոցառումը կարեւոր է տնտեսության որոշակի սեգմենտները պաշտպանելու համար, սակայն բավարար չէ, քանի որ տնտեսական շոկից ամենաշատ տուժած հատվածները չի հասցեագրելու։

Ի հավելումն լայն տնտեսական խթանների ավելի թիրախավորված եւ ազդեցիկ խթաններ են անհրաժեշտ։ Այս պարագայում առավել քան հիմնավորված են համարվում զբաղվածության պահպանմանը ուղղված ֆինանսական աջակցության գործիքները՝ կամ հարկային արձակուրդների կամ աշխատավարձային սուբսիդիաների տեսքով։ Հայաստանի համատեքստում առավել նախընտրելի է երկրորդ տարբերակը երկու պատճառով (1) հարկային արձակուրդները բավարար չափով չեն փոխհատուցում վնասը եւ (2) բացասական նախադեպ են ստեղծում հարկերի վճարման կարգապահության պահպանման տեսանկյունից (թեպետ որոշ երկրներ երկուսն էլ կիրառում են)։

Հետեւաբար, աշխատավարձային սուբսիդիան այն աշխատակիցների համար, որոնք այլապես ենթակա են կրճատման կամ պարապուրդի մատնվելու, այս իրավիճակում ամենաճշգրիտ գործիքն է, այն հասցեագրում է բուն խնդիրը։ Պետությունը այս պարագայում հանդես է գալիս, ըստ էության, վերջին ատյանի գնորդի կարգավիճակում՝ ժամանակավորապես փոխհատուցելով հանկարծ չքացած պահանջարկը  ընկերությունների համար եւ միաժամանակ պաշտպանելով  աշխատակիցներին։ Այս գործիքը կիրառվում է բազմաթիվ երկրներում (Գերմանիա (ընդլայնեց մինչ այդ գործող Kurzarbeit ծրագիրը), Կանադա, Ավստրալիա, Սինգապուր եւ այլն), սակայն, թերեւս, ամենահավակնոտ տարբերակը հայտարարվեց Մեծ Բրիտանիայում․ բոլոր ընկերությունների այն աշխատակիցների 80% աշխատավարձերի սուբսիդավորում (մինչեւ £2,500), որոնք ենթակա են հարկադիր պարապուրդի։

Նման ընդհանրական կիրառման անհնարինության պարագայում Հայաստանում այս մոտեցումը անհրաժեշտ է կիրառել կամ ՓՄՁ-ների կամ էլ միայն այն ոլորտների նկատմամբ, որոնց գործունեությունը տուժել է պետական ուղիղ արգելքների արդյունքում (ռեստորաններ, հյուրանոցներ, տուրիստական գործակալություններ, ոչ պարենային ապրանքների խանութներ եւ արտադրություններ,  սպառողական ապրանքներ եւ ծառայություններ տրամադրող փոքր ընկերություններ)՝ կիրառելով 2/3 եւ 500,000 դրամ սահմանաչափերը, ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի պարապուրդի պարագաներում։ Սա, ըստ էության, նշանակում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված պարապուրդի ծախսերը գործատուի փոխարեն ժամանակավորապես (1-3 ամիս) իր վրա է վերցնում պետությունը։ Եթե, օրինակ,  սա վերաբերվի ՀՀ-ում 250-ից քիչ աշխատակից  ունեցող ընկերությունների աշխատողների նույնիսկ կեսին՝ միջին աշխատավարձով հաշվարկված ամսեկան ֆինանսական ծախսը կլինի մոտ 17 մլրդ դրամ, երեք ամսվա կտրվածքով՝ մոտ 52 մլրդ։

Միեւնույն ժամանակ էականորեն պետք է ընդլայնվեն սոցիալական պաշպանության գործիքակազմը։ Գործազրկության աճը անխուսափելի է, աշխատանքի գտնելու հնարավորությունները համաճարակի սուր փուլի ընթացքում ծայրահեղ սահմանափակ են։ Դրանից ելնելով առավել նպատակահարմար է արդիականացնել եւ ընդլայնել պետական նպաստների համակարգը, քան թե չթիրախավորված մեկ շնչի հաշվով գումարներ բաժանել (վերջինս կիրառվեց Հոնգկոնգում, Թրամփի ադմինիստրացիան եւս նման առաջարկ էր քննարկում)։  Այն անհրաժեշտ է անել կամ վերաներմուծելով գործազրկության նպաստ հասկացությունը (որը վերացվեց 2014թ) կամ հրատապ օգնության կատեգորիան վերասահմանել եւ ընդգրկել այս շոկի հետեւանքով գործազուրկներին (վերջիններս «պարտադրված» գործազուրկ են)։ Ակնհայտ է նաեւ, որ տնտեսության կառուցվածքը կենթարկվի մեծ փոփոխության համաճարակի ընթացքում, հետեւաբար, կարեւոր է ընդլայնել աշխատողների վերապատրաստման պետական ծրագրերը։

Ծավալվող ճգնաժամի համապարփակությունը պահանջում է մեղմման գործիքների բազմազանություն։ Տնտեսություն բաղադրյալ համակարգը եւ տնտեսական գործակալների կարիքները բազմազան են։ Հետեւաբար, անհրաժեշտ է ներմուծել նաեւ մի քանի նորարարական գործիքներ։

Եկամուտներին մասնակցող վարկերը (revenue-based financing, income participation loans) ենթադրում են, որ վարկի մարումները կախված են վարկառուի ստացած եկամտից (օրինակ, որպես տոկոս շրջանառությունից)։ Այս համատեքստում, դրանք կարող են տրվել զրոյական տոկոսադրույքով։ Այս գործիքի առավելությունը կայանում է նրանում, որ այն առավելապես ներդաշնակ է վարկառուի ֆինանսական հոսքերին (բնականաբար, վարկատուի տեսանկյունից ավելի ռիսկային)։ Ծայրահեղ անկանխատեսելիության պայմաններում, ինչպիսին ստեղծել է այս ճգնաժամը, այս գործիքը առավել կարող է պահանջարկված լինել այնպիսի բիզնեսների կողմից որոնք երկարաժամկետ հատվածում գրավիչ են, սակայն չափազանց խոցելի են կարճաժամկետ հեռանկարում ֆիքսված գրաֆիկով վճարումներ ենթադրող վարկային բեռի տակ մտնելու համար։ Նմանատիպ վարկերի տրամադրումը կարող է իրագործվել պետական ֆինանսական ինստիտուտի կողմից եւ շահեկանորեն փոխլրացնել բանկերի միջոցով տրվող ռեսուրսներին։

Երկրորդ ուղղությունը դա պետական ֆինանսական ինստիտուտի կողմից ուղիղ վարկերի տրամադրումն է հանրային մեծ ազդեցություն ունեցող ծրագրերի համար։ Սա վերաբերվում է այնպիսի վարկերի համախմբին, որոնք չեն տրամադրվելու առեւտրային բանկերի կողմից ներկայիս ճգնաժամային պայմաններում, թեկուզեւ առկա լինեն պետական համաֆինանսավորման եւ տոկոսագումարների սուբսիդավորման խթանները։ Հայաստանը ունի նմանատիպ փորձ, երբ 2009թ. գործարկվեց «ՓՄՁ Ինվեստ» վարկային կազմակերպության (այժմ՝ Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա) վարկային ծրագիրը։ Այժմ եւս կարելի է գործարկել այդ կարողությունները՝ ուղղորդելով ռեսուրսները սոցիալական ազդեցությամբ առեւտրային ծրագրերի աջակցմանը։ Այս պարագայում վարկային ռեսուրսները պետք է լինեն ավելի երկարաժամկետ եւ չաշխատող վարկերի թույլատրելի սահմանաչափերը ավելի մեծ։

Եզրափակիչ դրույթներ

Գործողությունները մշակելու եւ իրագործելու արագությունը կրիտիկական է։ Արագությունը վերաբերվում է նաեւ այն մտածելակերպային կաղապարներից հրաժարումից, որոնք բնորոշ էին այն աշխարհին, որը գոյություն ուներ երկու-երեք շաբաթ առաջ։ Այժմ ապրում ենք այլ աշխարհում։ Մեր հաղթանակի գրավականը դրան հարմարվելու եւ նոր մարտահրավերներին դինամիկ պատասխաններ գտնելու մեր հավաքական կարողությունն է։

Հեղինակ՝ Մանուկ Հերգնյան