երկրների ակնարկներ

Թվայնացում

Կկարողանան արդյո՞ք ՏՏ ընկերությունները
լուծել մասնագետների պակասի խնդիրը

Հայաստանում գործող ՏՏ և բարձր տեխնոլոգիական ընկերությունները հաճախ դժվարանում են բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ հավաքագրելու հարցում, ում կարիքը նրանք իրոք ունեն։ Անգամ նման աշխատակիցներ գտնելուց հետո, ընկերություններն առերեսվում են ոլորտին հատուկ բարձր հոսունության դժվարին խնդրին։ Խիստ մրցակցային շուկան էլ հետզհետե դեպի վեր է ուղղորդում արդեն իսկ բարձր աշխատավարձերի մակարդակը, ինչը լուրջ ծախսային ճնշում է տեղական ՏՏ ընկերությունների համար։
ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսության ամենաարագ աճող ոլորտներից են: 2010թ․-ից ի վեր ոլորտը (առանց ինտերնետ ծառայություններ մատուցողների), աճել է 26,3% միջին տեմպով ՝ 2017թ․ հասնելով 765մլն ԱՄՆ դոլար ընդհանուր շրջանառության։ Ոլորտի ընկերությունների քանակը հասել է մոտ 650-ի, իսկ աշխատակիցների թիվը՝ 15,350-ի։

Mask Group (1)

Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման դինամիկայի վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ կարդալով մեր «Հայաստանի ներդրումային քարտեզ»-ը ։

>

Նախկինում ոլորտի աճի և զարգացման հիմնական շարժիչ ուժերից էր օտարերկրյա ընկերությունների համար Հայաստանում մասնաճյուղեր հիմնելու գրավիչ պայմանները։ Առաջնային մրցունակության գործոններից էր Հայաստանում համեմատաբար մատչելի և մրցունակ տեխնիկական մասնագետների առկայությունը։ Այսօր, կարծես թե, Հայաստանը այդ մրցակցային առավելությունը կորցնելու եզրին է։
Ներկայումս ոլորտը լուրջ վերափոխումների է ենթարկվում․ գերիշխող է արտապատվիրման մոդելից սեփական արտադրանքի մշակմանն անցնելու միտումը։ Աճի այս մոդելը պահանջում է բարձր մակարդակի գիտելիքներ, նոր հմտություններ, (օրինակ` վաճառքի հմտություններ), ձեռնարկատիրական գիտելիքներ։ Զուգորդվելով բեկումնային տեխնոլոգիաների տարածման արագ միտումների հետ՝ այս փոփոխությունները կարող են ավելի ու ավելի ինտենսիվ դառնալ։
Միջազգային ընկերությունների ներկայությունը, որոնք Հայաստան են բերում համաշխարհային մակարդակի տեխնոլոգիաներ և կազմակերպչական մշակույթ, ինչպես նաև ստարտափ բումը մեծ ազդեցություն ունեցան ՏՏ և բարձր տեխնոլոգիական մասնագետների շրջանում ձեռնարկատիրական մոդելի զարգացմանը։ Ակնկալվում է, որ հետագա զարգացումները կուղղորդեն շուկան դեպի ավելի բարձր արժեստեղծող մակարդակներ։ Անհրաժեշտ է արագ ադապտացնել և արտացոլել այս մարտահրավերները կրթական հատվածում, որպեսզի հնարավոր լինի պահպանել ոլորտի մրցունակությունը։

ՏՏ և բարձր տեխնոլոգիական ընկերությունները որակյալ ՏՏ աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանելիությունը համարում են որպես ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոն։

Ներկայումս, համալսարանական դիպլոմը որոշիչ գործոն չի համարվում ընկերություններում աշխատանքի ընդունելության համար։ Սա վկայում է ոլորտում բարձրագույն կրթության նվազող դերի մասին, որի հիմնական պատճառներից է որակյալ շրջանավարտների անբավարար քանակը։
Ընկերությունները համարում են, որ մագիստրոսի կրթությունը չնչին գիտելիք է ավելացնում բակալավրի մակարդակին։ Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՏՏ և բարձր տեխնոլոգիական մագիստրոսական ծրագրերը չեն համապատասխանում շուկայի ակնկալիքներին։
2014թ․ Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի պատվերով Ի-Վի Քոնսալթինգը ոլորտում մասնագետների պահանջի գնահատման խորը վերլուծություն իրականացրեց։ Զեկույցի հիմնական եզրակացությունները մնում են արդիական մինչ այժմ և մեծ մասով արտացոլում են ոլորտի ներկայիս վիճակը։ Համաձայն այդ ուսումնասիրության, տարեկան կտրվածքով այս ոլորտի նոր աշխատակիցների պահանջարկը հասնում էր մոտ 2,000-ի։
Այս թիվը համապատասխանում է ՏՏ մասնագիտությամբ տարեկան տեղական համալսարանների շրջանավարտների թվին։ Սակայն ոլորտի շրջանավարտների ընդամենը 45 %-ն է համապատասխանում կամ որակավորված է աշխատանքի անցնելու՝ այսպիսով ստեղծելով աշխատուժի քանակական անհավասարակշռություն։
Նշված մասնագետների քանակը ներկայացնում է միայն ՏՏ և բարձր տեխնոլոգիական հատվածի պահանջարկը և չի ներառում տնտեսության այլ ոլորտների ընկերություններին, որոնք նույնպես ունեն ՏՏ մասնագետների կարիք։ Այսպիսով, շուկայի իրական պահանջարկը կարող է լինել շատ ավելի մեծ, քան տարեկան 2, 000 նոր մասնագետի թիվն է։

Ի-Վի Քոնսալթինգի ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում փորձառությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝

>

Պետք է զգալիորեն ավելացնել համալսարանական կրթության ֆինանսավորման ծավալները, ինչպես նաև դիվերսիֆիկացնել դրանց տրամադրման գործիքակազմը՝ հետազոտական դրամաշնորհների և անձռնմխելի դրամագլուխ ունեցող հիմնադրամների (endowment funds) միջոցով։

Պետությունը պետք է կրթության ոլորտում որդեգրի պրակտիկ խնդիրների լուծմանն ուղղված և համապարփակ քաղաքականություն։

Անհրաժեշտ է խթանել միջազգային կազմակերպությունների աջակցությամբ համալսարանական լաբորատորիաների ստեղծումը։ ANEL-ի մոդելով, որը հիմնվել է National Instruments, USAID և պետության համագործակցության շնորհիվ, այլ լաբորատորիաներ ևս պետք է կառուցվեն համալսարանների տարածքներում, որպեսզի ուսանողների համար տեխնոլոգիական միջավայր ստեղծվի:

Այլընտրանքային ծրագրերը ևս կնպաստեն միջին ժամկետում աշխատուժի ավելացմանը, նմանատիպ ծրագրերի օրինակ է 4 տարում ծրագրավորողների պատրաստման սերտիֆիկացման ծրագրերը։

Հարկ է, որ համալսարանները դիտարկեն կարիերայի կենտրոնների գործունեության վերականգնումն ու ամրապնդումը, ինչով էլ կնպաստեն շրջանավարտներին՝ աշխատանք գտնելու գործում։

Եթե Հայաստանը ձգտում է անցում կատարել արտապատվիրման մոդելից դեպի ձեռնարկատիրական մոդելով գործող նորարարական կենտրոնի, ապա հիմնարար հետազոտությունները պետք է ինտեգրել համալսարանական ծրագրերում ։ Նորարարության և հետազոտությունների և մշակումների (ՀուՄ) ունակությունները ոլորտում ավելի դյուրին է արմատավորել, եթե ուսանողներն արդեն իսկ սովոր են հիմնարար հետազոտություններ իրականացնել իրենց ուսուցման վաղ տարիներից:

Բարձր տեխնոլոգիական աքսելերատորները կարող են դառնալ արժեքավոր ռեսուրս ձեռնարկատերերի համար։

Քանի որ ոլորտի զարգացման ձեռնարկատիրական մոդելը ժամանակի ընթացքում ավելի նորարար և առաջադեմ լուծումների և պրոդուկտների պահանջ է ներկայացնելու, ոլորտին անհրաժեշտ է լինելու ավելի բարձր մակարդակի մասնագետների բազա, ինչպես նաև կրթական համակարգի արմատապես նոր մոտեցումներ ։