Որո՞նք են Հայաստանում ապագա պահանջվող աշխատանքային հմտությունները

Հատված՝ 2019 թվականի Հայաստանի ազգային մրցունակության առաջիկա զեկույցից։

Համաշխարհային աշխատաշուկան շարունակաբար կառուցվածքային վերափոխումների է ենթարկվում : Տնտեսական, սոցիալ-ժողովրդագրական, տեխնոլոգիական և բնապահպանական գործոնները փոխում են աշխատաշուկայի պահանջարկն ու կարիքները: Աշխատաշուկայի վերափոխումները ոչ միայն զարգացման յուրօրինակ հնարավորություններ են ստեղծում, մասնավորապես՝ զարգացող երկրների համար, այլև միաժամանակ վերածվում են նոր մարտահրավերների, այդ թվում՝ աշխատատեղերի կրճատում, պոտենցիալ աշխատուժի պակաս, գործազրկության ռիսկեր, հմտությունների անհամապատասխանություն և այլն: Աշխատաշուկային համապատասխանող և պահանջված աշխատուժ ստեղծելու, զբաղվածության բարձր մակարդակ և կայուն տնտեսական աճ ապահովելու համար այս մարտահրավերների չեզոքացումը կենսական անհրաժեշտություն է։

Աշխատաշուկայի փոփոխությունների, նոր ձևավորվող կարիքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու և տեղական միտումները համաշխարհային միտումների հետ համեմատելու համար հայաստանյան ձեռնարկությունների շրջանում իրականացրել ենք հարցում՝ հիմնվելով աշխատատեղերի ապագայի վերաբերյա Համաշխարհային տնտեսական ֆորումի վերջին ուսումնասիրության ընտրանքի ու մեթոդաբանության վրա: Հարցումն իրականացվել է երեք հիմնական թեմաների շուրջ՝ ընկերությունների ռազմավարական զարգացման ծրագրեր, տեխնոլոգիական վերափոխումներ և աշխատուժի հմտությունների պահանջներ։ Հարցման նպատակն է՝ բացահայտել տնտեսության տարբեր ոլորտներում աշխատուժի պահանջարկ ձևավորող ընկերությունների ընկալումներն ու մտադրությունները, հետևել տեխնոլոգիական առաջխաղացումներին և փորձել բացահայտել աշխատատեղեր ստեղծելու և վերափոխելու դրանց ներուժը:

Միտումները, որոնք նույնականացվել են Հայաստանում ձեռնարկությունների հարցման արդյունքում, համապատասխանում են համաշխարհային միտումներին։

Տեխնոլոգիական հեղափոխության, սոցիալ-տնտեսական պայմանների, ժողովրդագրական և միջավայրային փոփոխությունների և աշխարհաքաղաքական գործոնների արդյունքում ի հայտ են գալիս նոր աշխատատեղեր ու մասնագիտություններ՝ վերափոխելով ներկա աշխատատեղերը կամ լիովին փոխարինելով դրանց: Կանխատեսվում է, որ որոշ մասնագիտություններ և դերեր այս ընթացքում կդառնան ավելորդ և առաջիկա 5-10 տարում կվերանան:  Աշխատողների կողմից իրականացված առաջադրանքները  վերափոխվելու են ապագայում ավտոմատացման և տեխնոլոգիական առաջխաղացման հետևանքով: Արագորեն կրճատվում է մարդու կողմից կատարվող գործառույթների ծավալը՝ տեղը զիջելով մեքենաներին:  Ակնկալվում է, որ նույնիսկ որոշ գործողություններ, որոնք ըստ էության մարդուն են բնորոշ՝ հաղորդակցությունը և շփումները, համակարգումը, ղեկավարումն ու խորհրդատվությունը, հիմնավորումն ու որոշումների կայացումը, ապագայում մասնակիորեն կավտոմատացվեն:

Աշխատանքի համար պահանջվող հմտությունները փոխվում են աշխատաշուկայի վերափոխումներին և տեխնոլոգիական հեղափոխությանը զուգահեռ: Նոր հմտություններ ձեռք բերելն ու որակավորման բարձրացումն աշխատողների համար դառնում են անհրաժեշտություն: Ակնկալվում է, որ իրենց աշխատողների վերապատրաստմանն օժանդակող ընկերությունների մասնաբաժինն առաջիկա տարիներին կավելանա։ Վերջին 12 ամսում իր աշխատակիցների վերապատրաստմանն աջակցել է հայաստանյան ընկերությունների մոտ 20%-ը: Հարցմանը մասնակցած ընկերությունների 30-50%-ը կարծում է, որ իրենց աշխատողների առնվազն 15-25%-ը ապագայում կարիք կունենա նոր հմտությունների և վերապատրաստման:

Համաշխարհային տնտեսական ֆորումի իրականացրած «Աշխատանքների գլոբալ ապագան» ուսումնասիրությունը  ցույց է տալիս, որ աշխատանքի պահանջները բավարարելու համար  աշխարհում ներկայիս բոլոր աշխատողների 54%-ը կարիք կունենա նոր հմտությունների կամ որակավորման բարձրացման: Մեծ պահանջարկ վայելող հմտությունների շարքում են՝ վերլուծական մտածողությունը, նորարարությունը, ակտիվ ուսումնառությունը և ուսումնառության ռազմավարությունները: Կտրուկ աճում են տեխնոլոգիական հմտությունները՝ ցույց տալով նաև, թե ինչ արագությամբ են ընկերություններն իրենց գործունեության մեջ ներդնում նոր տեխնոլոգիաները։ Զգալիորեն մեծանում է «փափուկ» հմտությունների դերը՝ ինչպիսին են քննադատական մտածողությունը, ստեղծարարությունը, բանակցությունները և հաղորդակցությունը, նորարարությունը, հուզական ինտելեկտը և առաջնորդությունը:

Հարցվածների շուրջ 66%-ը նշել է, որ համակարգումը, կառավարումը, որոշումների կայացումը, խորհրդատվությունը, տեղեկությունների և տվյալների մշակումն այն առանցքային գործառույթներից են, որոնք պետք է իրականացվեն հիմնական դերերի կողմից: Հարցվածների 70%-ից ավելին կարծում է, որ վերլուծական մտածողությունն ու նորարարությունը, թիմային աշխատանքը, ակտիվ ուսումնառությունը, ռազմավարական մտածելակերպը և բարդ խնդիրների լուծումը կլինեն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են առանցքային աշխատանքներ իրականացնելու համար:

 

Համաձայն հետազոտության արդյունքների, մեծանում է նաև «փափուկ» հմտությունների պահանջարկը, որոնցից են նորարարական և ստեղծարար մտածողությունը, ակտիվ ուսումնառությունը, յուրօրինակությունը, առաջնորդությունը և սոցիալական ազդեցությունը, քննադատական մտածողությունը և խնդիրների լուծումը: Համակարգումն ու ժամանակի կառավարումը, ինչպես նաև ձեռքի ճարտարությունը, տոկունությունը և ճշգրտությունը, կարդալը, գրելը և ակտիվ լսողությունն այն հմտությունների շարքում են, որոնց պահանջը, ըստ կանխատեսումների, մինչև 2024թ.  կնվազի։

Հարցվածների ավելի քան 80%-ը հակված է այն մտքին, որ բարձրագույն կրթությունը կարևոր է աշխատաշուկայի համար, թեև հնարավոր է՝ ստացած հմտություններն այլևս գործնականում կիրառական չլինեն: Ըստ հարցվածների գնահատման՝ հայաստանյան կրթության որակը միջին կամ ցածր է թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսի աստիճաններում:

Հարցվածները նշում են, որ ուսումնառության ավարտին ուսանողներն ունեն գործնական հմտությունների պակաս և բավարար պատրաստված չեն աշխատաշուկայի համար: Աշխատաշուկային անհրաժեշտ հիմնարար հմտությունները տրամադրվում են թերի կամ չեն տրամադրվում ընդհանրապես: «Փափուկ» հմտությունները, որոնք գնահատվում են որպես առաջնային, համալսարաններն ուսանողներին չեն տրամադրում:

 

Ամփոփելով՝ նշենք, որ աշխատաշուկան ենթարկվում է հսկայական փոփոխությունների: Արագ զարգացող ապրանքներն ու ծառայությունները պահանջում են նոր հմտություններ և որակավորումներ: Բիզնեսները դժգոհ են նոր շրջանավարտների գիտելիքի և հմտությունների որակից: Աշխատանքի վերափոխումները հասցեագրելու համար Հայաստանին անհրաժեշտ է մարդկային կապիտալի զարգացման համապարփակ ռազմավարություն: Երկրի կրթության որակը բարելավման կարիք ունի, որպեսզի կարողանա հարմարվել աշխատանքի շարունակ փոփոխվող հմտությունների պահանջարկին և բավարարել աշխատաշուկայի պահանջները:

 

«Աշխատատեղերի ապագան, 2018թ.» հարցումն իրականացվել է Հայաստանի տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ, որոնք բարձր օղակների ղեկավարներ են կամ ֆինանսական, նորարարության կամ ռազմավարական գծով տնօրեններ: Ընդհանուր առմամբ՝ հարցմանը մասնակցել է հայաստանյան 86 ընկերություն: Հարցումը ներառել է բոլոր հիմնական ոլորտները՝ հիմնված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ տառային մակարդակի դասակարգման վրա:

 

Հեղինակ՝ Սառա Զաքարյան